Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Կարսում անցկացվող զորավարժություններին (լուսանկարներ)

17:01 • 11.02.21

Թուրքիայի տարածքում գտնվող Կարսում այսօր` փետրվարի 11-ին սկսվել է «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական զորավարժությունների եզրափակիչ փուլը, որին հետևել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Նախարարները զորավարժությունների տարածք են ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի, Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարի, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալի և ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Հասան Քյուչյուքաքյուզի ուղեկցությամբ:

Աքարը և Հասանովը եղել են հրամանատարական շտաբում, որտեղ նրանց տեղեկացրել են զորավարժությունների ընթացքի մասին:

Վերլուծական խմբի ղեկավարը նախարարներին է ներկայացրել «Ձմեռ 2021» զորավարժությունների ամփոփ նկարագիրը:

Պաշտպանության նախարարները զննել են Թուրքիայի սանիտարական ծառայության զրահամեքենաները, հատուկ նշանակության զորքերի զինվորների ձմեռային սարքավորումները:

Այնուհետև Աքարը և Հասանովը գնացել են շարահրապարակ, որտեղ երկու երկրների հատուկ ջոկատայինները մասնակցել  են պայմանական թշնամուն ոչնչացնելու գործողությանը: Գործողությունն իրականացվել է ավիացիայի աջակցությամբ: