«Պետք է ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերել և ֆեյքերը անջատել». Էդմոն Մարուքյանը՝ զրպարտության մասին
Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված քաղաքական գործիչներից մեկը, եկել եմ զրպարտված և վիրավորված այս ամբիոնի մոտ, ինձանից հաջորդը գալիս է տիկին Սամսոնյանը և այսպես շարունակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման սահմանաչափերի մասին նախագծին:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս նախագծով հիմա թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակելու են աշխատել: «Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածությամբ աշխատել: Այսինքն` գործող իշխանությունները խոստանա, որ իր «ֆեյքերի ֆաբրիկաներն» անջատում է, նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրենքն էլ իրենցն են անջատում, ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ և հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշենք»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ քաղաքական գործիչներին երբեմն այնպիսի հարցեր են ուղղում, թե կարող եք փաստեր ներկայացնել, որ դուք մանկապիղծ չեք, կամ կարող եք փաստեր ներկայացնել, որ գիշերը բարուրով երեխաներ չեք ուտում:
Ըստ նրա՝ պետք է ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերվի՝ ֆեյքերը անջատելու մասին:










