ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար

13:51 • 11.02.21

Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը:

«Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,-ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են  համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել:

«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ  խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա:

«Այո, դիմակը պետք է անպայման կրել, հակառակ դեպքում, եթե մարդուն վարակեք քովիդով, դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան թե եթե ՄԻԱՎ-ով մարդու նկատմամբ ուզում եք սահմանափակումներ, խտրական վերաբերմունքը պահել: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը խնդիր չէ, քանի որ մենք ունենք բուժում»,-ասաց նա:

Լենա Նանուշյանն ասաց, որ հենց ՄԻԱՎ վարակակիրներն իրենք են ասել, որ քրեականացման դրույթի պատճառով իրենք վախենում են դիմել բժշկի, քանի որ կարող է քրեական պատասխանատվության տակ լինեն:

Ամփոփելով՝ արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նշելով. «Եթե ասում եք՝ պատրաստ եք հատ առ հատ դրույթները քննարկել, ես զարմանում եմ՝ ինչու մինչև հիմա արված չէ հանձնաժողովի հետ»: Իսկ փոխնախարարը նշեց, որ հանձնաժողովի մի քանի առաջարկներ ընդունվել են, և պատրաստ են քննարկումները շարունակել:

2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: