Լեհաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 11 մարդ է մահացել
Լեհաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,7 միլիոն պատվաստում, ավելի քան 1500 դեպքերում գրանցվել են կողմնակի բարդություններ, որից 11-ը մահացու են եղել: Այս մասին տեղեկացնում է Interia.pl կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Մեկնաբանելով մահվան դեպքերը՝ առողջապահության նախարարությունը նշել է, որ մահը կարող էր առաջ գալ այլ պատճառներով: Այնուամենայնիվ, առնվազն 2 դեպքում բժիշկները կասկածում են, որ մարդկանց մահը կապված է պատվաստանյութի հետ:
«Առողջապահության նախարարությունը իրավասություն չունի գնահատելու այս հաղորդագրությունները և չի կարող հաստատել, որ պատվաստանյութը որոշակի դեպքերում հանգեցրել է հիվանդի մահվան»,-հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Վոյցեխ Անդրուսևիչը:
Նա նշել է նաև, որ պատվաստումից հետո հիվանդի մոտ կողմնակի ազդեցությունների դեպքում կատարվում է ստուգում, որում ներգրավված են պետական սանիտարահամաճարակային տեսչությունը, հանրային առողջության ինստիտուտը, հիգիենայի պետական դեպարտամենտը, դեղագործական տեսչությունը և պատվաստանյութերի արտադրողը: Միասին նրանք պետք է որոշեն, թե արդյոք որոշակի անձի մահը կապված է պատվաստանյութի հետ, թե ոչ:










