Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ մեջբերում է արել Ալեքսանդր 3-րդ ցարից

12:09 • 11.02.21

Գիտական ոլորտում աշխատող անձանց աշխատավարձերի վերաբերյալ կառավարության անդամների առցանց զեկույցից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեջբերել է Ալեքսանդր Երրորդ ցարի խոսքերը, գրում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պետության ղեկավարը, վկայակոչելով Ռուսական կայսրության տիրակալի խոսքերը, շեշտել է պետական հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերի ձևավորման վերաբերյալ ճշգրիտ և թափանցիկ բացատրության անհրաժեշտությունը:

«Ես արդեն խոսել եմ այս մասին: Ալեքսանդր Երրորդը մի անգամ ասել է՝ «Երբ զեկուցում է ներքին գործերի նախարար Դոռնովոն, ինձ ամեն բան հասկանալի է, բայց թվում է՝ իրեն ոչինչ հասկանալի չէ: Երբ զեկուցում է Վիտտեն (ֆինանսների նախարար,-խմբ.), ապա իրեն ամեն բան հասկանալի է, բայց ինձ համար ոչինչ պարզ չէ: Իսկ երբ զեկուցում է Կրիվոշեինը, որն այն ժամանակ ճանապարհային հաղորդակցության նախարարն էր, ո՛չ ես եմ ինչ-որ բան հասկանում, ո՛չ էլ ինքը»,- ասել է պետության ղեկավարը:

Բացի այդ, Պուտինն ուշադրություն է հրավիրել գիտական աշխատողների աշխատավարձերի հաշվարկի շուրջ խառնաշփոթի վրա:

«Ասում են՝ այս ցուցանիշը պետք է կազմի տարածաշրջանային տնտեսության միջինի 200%-ը, բայց իրականում այն հաշվարկվում է աշխատանքային գործունեության վերաբերյալ միջին եկամտից»,- բացատրել է պետության ղեկավարը և հորդորել պարզ ու թափանցիկ բացատրել, թե ինչպես է հաշվարկվում գիտական ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը: