Բրազիլիայում հայտնել են, որ կորոնավիրուսի «ամազոնյան» շտամը երեք անգամ ավելի վարակիչ է

12:43 • 12.02.21

Բրազիլական Ամազոնում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը երեք անգամ ավելի վարակիչ է, սակայն վաղ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատվաստանյութերը դեռևս արդյունավետ են դրա դեմ, հինգշաբթի ասել է Բրազիլիայի առողջապահության նախարար Էդուարդո Պազուելլոն, հայտնում է Al Jazeera -ն:

Սենատում կայացած լսումների ընթացքում նախարարն ասել է, որ Բրազիլիայի` կենսաթոշակային տարիքի բնակչության կեսը պատվաստվելու է մինչև հունիս, իսկ մնացած մասը` մինչև տարեվերջ, քանի որ երկիրը հազիվ է ապահովել դեղորայքի համապատասխան չափաբաժինը բնակչության կեսի համար: Բրազիլիան սկսել է պատվաստումները չինական Sinovac Biotech և բրիտանական Astra Zeneca պատվաստանյութերով՝ մոտ երեք շաբաթ առաջ:

Պազուելլոն չի բացատրել` որքան է «ամազոնյան շտամի» դեմ դրանց արդյունավետությունը:

«Փառք Աստծո, մեր վերլուծությունների արդյունքում կարող ենք հաստատել, որ պատվաստանյութերը դեռևս ազդեցություն ունեն այս տարբերակի դեպքում, սակայն այն երեք անգամ ավելի վարակիչ է», - ասել է Պազուելլոն:

Հինգշաբթի օրվա դրությամբ, Բրազիլիան հայտնել է կորոնավիրուսային վարակների ավելի քան 9.7 միլիոն դեպքերի մասին, որից ավելի քան 236 հազարը` մահվան ելքով: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, այս տվյալներով Բրազիլիան զիջում է միայն ԱՄՆ-ին: Պատվաստումների արշավի շրջանակներում մինչ այժմ բնակչության միայն 0.5 տոկոսն է պատվաստվել: