Հաստատում ենք 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը, որոնք Երևանում կերթևեկեն աստիճանաբար, կձերբազատվենք վտանգավոր և անհարմար միկրոավտոբուսներից. Հայկ Մարության
Այս պահին հաստատում ենք 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը, սա բավականին դժվար աշխատանք է պահանջել և առկա պայմաններում hանրապետության շատ գործարաններ և արտադրողներ վախենում են ներդրումներ անել, պայմանագրեր կնքել թե’ պետական, և թե’ համայնքի մասշտաբով, մենք վստահեցրել ենք, որ մենք կկատարենք մեր պարտականությունները, և իրենք էլ կկատարեն իրենց կողմից մատակարարարումը՝ հիմա համալրում ենք 161 հատը. այսօր ավագանու արտահերթ նիստում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ անգլիական ընկերությունը Երևանի համար ավտոբուսային նոր ցանց է նախատեսել, որում պետք է լինի ընդհանուր 850 ավտոբուս, հետագայում պետք է լինեն 10 տոկոս ավելի պահեստային ավտոբուսներ, որից 450-ը պետք է լինի 7.5-8.5 մետր երկարության, մնացածը՝ 12 և 18 մետրանոց ավտոբուսներ:
«Ծրագիրը պետք է շարունակական լինի, մեկ անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնումը, որը մարտի 31-ին ևս մեկ անգամ դրվելու է տենդեր, հուսանք՝ կկայանա, կհամալրենք 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։ Որպեսզի ծրագիրը վերջանական իրականացվի, պետք է 450 ավտոբուս ձեռք բերենք, սա 161-ն է, չենք սպասելու, որ ամբողջը գնենք, նոր մուտք գործի, այլ աստիճանաբար մուտք են գործելու և Երևան քաղաքում երթևեկելու են, որպեսզի մենք ձերբազատվենք այս միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ անհարմար»,– ասաց նա:
Հայկ Մարությանը նշեց, որ 7.5-8.5 մետրանոց նոր ավտոբուսները 95 տոկոսի դեպքերում արտադրվում են Չինաստանի Հանրապետությունում: Քաղաքապետը նշեց, որ առաջնորդվել են պարամետրերով, այլ ոչ թե կարևորելով այն, թե որ երկրի արտադրանք է։
«5-10 տարվա ընթացքում Չինաստանի ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել գերմանական, շվեդական, հոլանդական քաղաքներում։ Տենդերները հաղթում են չինական ավտոբուսները, մասնավորապես՝ էլէկտրոբուսները՝ բարձր գնով և որակով անցնելով եվրոպական երկրներին: Մեզ համար կարևոր է ոչ թե ի՞նչ երկրի արտադրանք է, այլ ի՞նչ պարամետրեր է դրված: Հպարտությամբ ուզում եմ ասել, որ բավականին լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար, եթե գործարքը կայանա, կհամարեմ սա Երևան քաղաքի համար լավագույն ձեռքբերում»,– ավելացրեց նա:
Քաղաքապետը հավաստիացրեց, որ այս ավտոբուսները շահագործվում են տարբեր երկրներում, և «Ավտոբուս ՓԲԸ»-ն 9 տարի շարունակ 250 չինական ավտոբուսներ է շահագործել և որակական ցուցանիշներ է գրանցել:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը դիմեց Հայկ Մանրությանին՝ նշելով, որ 7.5-8 ութ մետր երկարությամբ ավտոբուսների համար Երևանում շատ դժվար կլինի երթևեկելը, արդյո՞ք խորդակցություն եղել է տրանսպորտի ոլորտի տարբեր կազմակերպություններին հետ, ինչին Մարությանը պատասխանեց, որ փորձարկումներ են արվել, Հայաստան ներկրված 12 մետրանոց ավտոբուսների և 18.5 մետրանոց ավտոբուսի մոդել են ստացել և փորձարկելուց հետո նկատել են, որ 8.5 մետրանոց ավտոբուսները ևս հեշտ կարողանում են երթևեկել Երևանում:
«Մեծ աշխատանք կա անելու նաև ոստիկանության հետ, որ կանգառներն ազատ պահվեն, 12-18 մետրանոց ավտոբուսների համար մտավախություն կա, սակայն փորձը ցույց է տվել, որ խնդիր չկա, այդ ավտոբուսները կարողանում են Եվրոպայում ամենանեղ փողոցներով անցնել և այստեղ էլ խնդիր չի լինի»,- վստահեցրեց նա:










