Մյանմարում հակակառավարական ցույցերը շարունակում են. ցուցարարները անբավարար են համարել ռազմական վերնախավի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները

11:55 • 12.02.21

Մյանմարում շարունակվում են ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիաները, որոնց մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ցուցարարներն անբավարար են համարում ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հայտնում է Al Jazeera -ն:

Ցույցերը մինչ այժմ, հիմնականում, խաղաղ բնույթ են կրել, սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների ուղղությամբ:

Ուրբաթ, ակցիայի մասնակիցները ողջունել են ԱՄՆ-ի իշխանությունների՝  Մյանմարի ռազմական հեղաշրջմանը մասնակից զինվորական վերնախավի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը:

Ուրբաթ կեսօրին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Յանգոնի փողոցներ՝ միանալու բողոքի ակցիաներին, որոնք փետրվարի 1-ին տեղի ունեցած հեղաշրջումից ի վեր ամենաբազմամարդ են եղել:

Ինչպես ավելի տեղեկացրել էր Tert.am -ը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռազմական հեղաժրջման կազմակերպիչների նկատմամբ՝  սառեցնելով ԱՄՆ-ի բանկերում գտնվող Մյանմարի կառավարության ավելի քան 1 միլիարդ դոլար միջոցները:

«Այսօրվա գործողության շրջանակներում Գանձապետարանը սահմանափակումներ է նշանակում է 10 ներկայիս և նախկին ռազմական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են 2021 թվականի փետրվարի 1-ի հեղաշրջման համար կամ կապված են Բիրմայի ռազմական վարչակարգի հետ», - ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ և նշվում, որ այս պատժամիջոցները չպետք է մշտական բնույթ կրեն:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենն ասել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է լրացուցիչ գործողությունների դիմել, եթե Բիրմայի զինված ուժերը չփոխեն իրենց պահվածքը: Եթե ավելի շատ բռնություններ լինեն խաղաղ ցուցարարների նկատմամբ, բիրմացի զինվորականները կտեսնեն, որ այսօրվա պատժամիջոցները պարզապես առաջիններն են»:

Համաձայն հայտարարության, Բիրմայի զինվորականները պետք է անհապաղ վերականգնեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության իշխանությունը, դադարեցնեն արտակարգ դրությունը, ազատ արձակեն բոլոր անարդար ձերբակալվածներին և ապահովեն, որ խաղաղ ցուցարարներ նկատմամբ բռնության բացակայությունը:

Անդրադառնալով պատժամիջոցներին ՝ ձերբակալված առաջնորդ Աուն Սան Սու Չժիի և նրա՝ «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության կողմնակիցները հայտարարել են, որ անհրաժեշտ է ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել՝ զինվորականներին իշխանությունից դուրս մղելու և ստիպելու, որ ճանաչեն նոյեմբերին կայացած ընտրություններում «Ժողովրդավարության ազգային լիգայի» ազդեցիկ հաղթանակը:

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության»  կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: