Վստահ եմ՝ այստեղ գտնվող շատերի հագուստի կեսից ավելին Թուրքիայում է արտադրված. Հայկ Գևորգյան (տեսանյութ)

11:54 • 12.02.21

Հենց այսօր էլ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտուր կա, ես վստահ եմ՝ այստեղ գտնվող շատերի հագուստի կեսից ավելին Թուրքիայում է արտադրված: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Ինչպե՞ս են դրանք հայտնվել Հայաստանում։ Շուկա է, առևտուր է, անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշումներ ունենք այդ երկրի հանդեպ, կամ մյուս երկրների հանդեպ այդ առևտուրը լինում է: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են, այսինքն՝ Հայաստանի սահմանն անցնելիս ոչ ԵԱՏՄ ապրանքը, այսինքն՝ թուրքական արտադրության ապրանքը, պետք է հանդիպի ԵԱՏՄ խոչըդնոտներին, մաքսային սահմանափակումներին»,- ասաց նա և նշեց, որ ԵԱՏՄ շուկան ինքն իրեն պաշտպանում է:

«Այնպես չէ, որ այսօր Նախիջևանը և Ադրբեջանը իրար հետ ճանապարհներով կապված չեն, նրանք Իրանի տարածքով ունեն այդ ճանապարհը, այնպես որ, շատ մեծ բան չի փոխվելու իրենց համար»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում նկարահանում իրականացնելու համար ԱԱԾ թույլտվություն ստանալու անհրաժեշտությանը, ասաց, որ ԱԱԾ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա: «Ինքս չեմ փորձել դեռ անմիջապես հասկանալ, բայց մոտավորապես գիտեմ խնդիրը, որ, ըստ էության, ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ինչպես գերիների հարցում, այստեղ ևս պետք է շարժվել չվնասելու տրամաբանությամբ: «Ինչ-որ պահից սկսած միևնույնն է, այնտեղ ազատ ելումուտ կլինի: Բացի այդ, փոքր երկիր է․ եթե մտավախություն կա, որ ԱԱԾ-ն փորձում է ինչ-որ բան թաքցնել, փարատեմ մտահոգությունը, որ չկա նման բան: Այն, ինչ լուսաբանում եք, ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար է, այլ հարևան պետությունների համար և գուցե այս ժամանակահատվածում որոշակի զգուշավորություն է պետք»,-ասաց նա: