Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը 13 անգամ գերազանցել է ԱՀԿ չափորոշիչները

11:43 • 12.02.21

Ուրբաթ՝ Լուսնային օրացույցով նոր տարվա առաջին իսկ օրը, Պեկինի երկինքը պատվել է ուժեղ սմոգով:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով շրջակա միջավայրի վերահսկողության պեկինյան կենտրոնին, մանր պինդ մասնիկների կենտրոնացումը քաղաքի տարբեր հատվածներում հասել է 339 միկրոգրամ խորանարդի: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի չափանիշը 25 միկրոգրամ խորանարդ է:

Վնասակար նյութերի առավելագույն կենտրոնացումը քաղաքի օդում արձանագրվել է ուրբաթ առավոտյան: Ժամեր անց այն նվազել է մինչև 223 միկրոգրամ խորանարդի, որը դեռ 10 անգամ գերազանցում է ԱՀԿ սահմանած չափորոշիչը:  

Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորել են առանց անհրաժեշտության չհեռանալ տներից և նվազեցնել բացօթյա տարածքներում գտնվելու ժամանակահատվածը:  

Նշվում է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում Պեկինի օդի որակը ոչ մի անգամ չի համապատասխանել ԱՀԿ չափանիշներին:

Չինաստանում սմոգի առաջացման հիմնական պատճառներն են ավտոտրանսպորտը, ածխի էլեկտրակայանները և մետաղագործական ձեռնարկությունները: