Բայդենն ԱՄՆ նախագահի կարգավիճակում փետրվարի 19-ին առաջին անգամ ելույթ է ունենալու Մյունխենի անվտանգության համաժողովում. The Hill

04:29 • 12.02.21

Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում փետրվարի 19-ին առաջին անգամ ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այս տարի, համավարակով պայմանավորված, հեռավար է անցկացվելու, հաղորդում է ամերիկյան The Hill պարբերականը:

«Նախագահ Բայդենը խոսելու է տրանսատլանտյան հարաբերությունների կարևորության մասին, շեշտելու է գլոբալ մարտահրավերներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից համատեղ ջանքերով դիմագրավելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

Վերջին անգամ Բայդենը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ էր ունեցել նախորդ տարի՝ նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարելը, որի ժամանակ շեշտել էր դաշինքների կարևորությունը:

Ըստ պարբերականի՝ Բայդենն իր առաջիկա ելույթում վերահաստատելու է ԱՄՆ-ի հավատարմությունը եվրոպական դաշնակիցներին գլոբալ մարտահրավերները միասնաբար լուծելու հարցում: