«Մերկացրել է և 15 աստիճան ցրտի պայմաններում թողել է անտառում». Նոր Մոսկվայում մայրը փորձել է սպանել 3 երեխաներին

14:41 • 12.02.21

Նոր Մոսկվայում մայրը փորձել է սպանել 3 երեխաներին՝ նրանց մերկացնելով և անտառում թողնելով 15 աստիճան ցրտի պայմաններում: 

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մոսկվայի շտաբի պետի ավագ օգնական Յուլիա Իվանովայի խոսքով՝ գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով, այն է՝ «երկու կամ ավելի անձանց, այդ թվում՝ անօգնական վիճակում գտնվող անչափահասների սպանության փորձ»:

«Հետաքննության տվյալների համաձայն՝ 2021 թ.-ի փետրվարի 11-ի ուշ երեկոյան 33-ամյա բազմազավակ մայրը երեք երեխաներին տարել է նոր Մոսկվայի տարածքում գտնվող անտառային գոտու տարածք՝ անչափահասներին սպանելու մտադրությամբ, մերկացրել է նրանց և դրսում է թողել զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում», - ասել է Իվանովան ու հավելել՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ականատեսի զանգի շնորհիվ:

Բացի այդ, իրավապահ համակարգի ներկայացուցիչը հստակեցրել է, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի ցրտահարություններով: 

Նշվում է՝ մայրը ևս հոսպիտալացվել է: Առաջիկայում քննչական կոմիտեում կպարզեն, թե արդյոք կինն ունի հոգական խնդիրներ: