ԱՄՆ կառավարությունը դիմել է դաշնային վերաքննիչ դատարան՝ կասեցնելու չինական «TikTok» սոցիալական ցանցի աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ գործի քննությունը

03:44 • 12.02.21

ԱՄՆ կառավարությունը դիմել է դաշնային վերաքննիչ դատարան՝ կասեցնելու չինական «TikTok» սոցիալական ցանցի աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ գործի քննությունը, հաղորդում է ТАСС-ը:

Սպիտակ տան խոսնակ Ձեն Փսակին օրերս հայտարարել էր, որ ամերիկյան նոր վարչակազմը նոր քայլեր չի ձեռնարկել չինական սոցիալական ցանցի ամերիկյան հատված վաճառքի ուղղությամբ, իսկ ավելի վաղ ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը հաղորդել էր, որ բաժնետոմսերի վաճառքն անորոշ ժամկետով հետաձգվել է: Պարբերականի փոխանցմամբ՝ գործընթացի ընթացիկ վիճակը պայմանավորված է նրանով, որ Բայդենը վերանայում է տարբեր ոլորտներում իր նախորդի՝ Թրամփի կայացրած որոշումները:

2020 թ. օգոստոսի 14-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով «TikTok»-ի սեփականատեր հանդիսացող չինական «ByteDance» ընկերությունը պարտավորվում էր վաճառել սոցիալական ցանցի՝ ԱՄՆ-ի տարածքում առկա բոլոր ակտիվները: Սեպտեմբերի 19-ին Թրամփը հայտնել էր, որ հավանություն է տվել «Oracle» և «Walmart» ընկերությունների կողմից «TikTok»-ի բաժնեմասերը ձեռք բերելու գործարքին: