ԵՄ-ն ցանկանում է մինչև ամռան վերջ ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար

16:32 • 13.02.21

Եվրամիությունը հույս ունի մինչև ամռան վերջ իր՝ ավելի քան 900 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ֆոնդից ֆինանսական միջոցներ տրամադրել՝ համավարակի պատճառով անկում ապրած տնտեսությունը վերականգնելու համար: Նման հայտարարությամբ են հանդես եկել միության բարձրաստիճան պաշտոնյաները, գրում է Al Arabiya-ն: 

Նշվում է՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլին և Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան կոչ են արել դաշինքի անդամ 27 երկրներին «արագ շարժվել» և հաստատել որոշումը, որը թույլ կտա Բրյուսելում գտնվող ԵՄ գործադիրին քայլեր ձեռնարկել: 

«Հենց ֆինանսական միջոցների տրամադրման մասին որոշումը վավերացվի, Հանձնաժողովը շուկա կմտնի և փոխհատուցումներ կիրականացնի», - ասել է Լեյենը մամուլի ասուլիսում:

Նա հավելել է նաև, որ հանձնաժողովն ի վիճակի է անմիջապես տրամադրել անհրաժեշտ միջոցների 13 տոկոսը, իսկ մինչև տարվա կեսն այն կկարողանա ամբողջությամբ հատկացնել նաև անհրաժեշտ առաջնային միջոցները: