Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դասական, գունավոր հեղափոխություն էր, որի տրամաբանական ավարտը պետք է լիներ Արցախի հողերի հանձնումը. Ժիրայր Դադասյան (տեսանյութ)
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դասական, գունավոր հեղափոխություն էր, որի տրամաբանական ավարտը պետք է լիներ Արցախի հողերի հանձնումը: Այս մասին այսօր ասուլիսին ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Ես ընդհանրապես իմ բնույթով չեմ ընդունում ոչ մի տեսակի հեղափոխություն, եթե ուսումնասիրում ես, հասկանում ես, որ ոչ մի հեղափոխություն որևէ լավ բանի չի հանգեցրել, հեղափոխությունը ստեղծում է ավեր և խառնաշփոթ, երբ շարժումը Հայաստանում սկսվեց, ինձ համար պարզ դարձավ, որ սա դասական գունավոր հեղափոխության շղթայից է, և ակնհայտ էր տարածքների կորուստը, հանձնումը»,- ասաց Ժիրայր Դադասյանը:
Ըստ նրա՝ հեղափոխություն անելու համար շուրջ 20 տարի ծրագիր է մշակվել:
«Հեղափոխության գինը ծանր էր, և այն աշխատանքը, որ արվել է 20 տարվա ընթացքում, այն հասարակական կազմակերպությունները, որ լցվեցին Հայաստանում, դա նույնպես մտածված էր: Աստիճանական կաթոցները՝ բանակի մասին, հասարակական կազմակերպությունները գրանտներ էին ստանում, որ հատուկ աշխատեն այդ ուղղությամբ։ Երբ քաղաքական ուժը գալիս է իշխանության, դու մտածում ես՝ կա՛մ պահպանողական են, կա՛մ դեմոկրատական են, կա՛մ լիբերալ են և այլն, բայց գալիս է մարդ և ասում է՝ ես ոչ մի բան եմ, ոչինչ էլ չես կարող ընկալել»,- ասաց բանախոսը:
Ժիրայր Դադասյանը մեկնաբանեց Հայաստանի վերջին 3 տարվա պատմությունը դրամատուրգիայի ենթատեքստում:
«Եթե այս 3 տարին դիտարկենք դրամատուրգիական ենթատեքստով՝ դրամատուրգիայում, երբ պիեսը սկսվում է պայծառ ու լուսավոր, օրինակ՝ ինչպիսին հեղափոխությունն էր, հետագայում սկսվում են գործողություններ, որոնք բերում են բախման, և բուն բախումը պատերազմն էր, որից հետո պետք էր հանգուցալուծումը, և դու սկսում ես հասկանալ՝ ինչու եղավ այս ամենը, և հիմա մենք գնում ենք դեպի ֆինալ։ Պետք է գա ժամանակահատված, երբ կտեսնենք կատարսիսը»,- մեկնաբանեց Ժիրայր Դադասյանը:
Նրա հավաստմամբ՝ դրամատուրգիայում չկան Նիկոլ Փաշինյանի նման կերպարներ:
«Մենք գործ ունենք այնպիսի կերպարի հետ, որը գոյություն չունի դրամատուրգիայում: Չեմ կարող համեմատել «Մակբեթի» հետ, մարդը կարգին զորավար էր՝ չնայած փառասիրությունը նրան կործանեց, հիմա մենք գործ ունենք մի կերպարի հետ, որը երբևէ ինքնակամ չի հեռանա: Նա դրամատիկ կերպար է, և ավարտը նույնպես դրամատիկ է լինելու»,- ասաց Ժիրայր Դադասյանը:
Ժիրայր Դադասյանի հավաստմամբ՝ Արցախը ոտքի կկանգնի, բայց հաջորդ իշխանական ուժը ինքնասպանների իշխանություն է լինելու, քանի որ նրանց առաջ կա ահռելի աշխատանք:
«Հետո գալու է ինքնասպանների իշխանություն, որոնք պետք է այս ամենը շտկեն, իսկ սա սարսափելի, ահռելի աշխատանք է: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, հետադարձ ընթացք է: Արցախը իհարկե դուրս կգա այս իրավիճակից, բայց սա տասնամյակների խնդիր է, որովհետև այս իշխանությունը կգնա, բայց վերականգնել այդ վերքերը, հույս ունեմ, մեր ժողովուրդը, լինելով իմաստուն, պետք է գտնի այդ սերմը և նորից պետք է բարձրանա, գտնի իր մեջ ուժ և վերականգնի այս փլված իրավիճակը»,- ասաց Ժիրայր Դադասյանը:










