Երկրաշարժից հետո գրանցվել է 46 հետցնցում, ԱԻՆ-ը նշում է՝ թեև դեռ հետցնցումների հավանականություն կա, բայց բնակիչները կարող են վերադառնալ բնակարաններ (թարմացվում է)
19։13
Այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
17։18
Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։
17։08
Արատկարագ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կա հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։
ԱԻՆ–ը բնակչությանը հորդորում է դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
17։01
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր գրանցված երկրաշարջի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան: Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով:
16։41
Հայաստանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, ավերածություն չկան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։
«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել:
Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,– գրել է նա:
15։54
Սույն թվականի փետրվարի 13-ին ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: 

















