Բայդենը գնահատել է Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ Սենատի որոշումը
ԱՄՆ սենատի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մերժումը չի փոխում դրանց էությունը: Այսպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ քվեարկության ձախողումը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Չնայած վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատավճռի, մեղադրանքի էությունը չի վիճարկվում: Նույնիսկ նրանք, որոնք դեմ են եղել դատավճռին, օրինակ Սենատի փոքրամասնության ղեկավար Մաքքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է խայտառակ վարքի համար և գործնականում և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումում սանձազերծված բռնության և սադրանքի համար», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ պաշտոնանկությանը աջակցել է նաև հանրապետական 7 սենատոր:
«Մեր պատմության այս տխուր գլուխը հիշեցրել է մեզ ժողովրդավարության փխրունության մասին: Որ այն միշտ պետք է պաշտպանված լինի: Որ մենք միշտ պետք է զգոն լինենք: Այս բռնությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն Ամերիկայում: Եվ որ մեզանից յուրաքանչյուրը որպես ամերիկացի և հատկապես որպես առաջնորդ պարտականություն և պատասխանատվություն ունի պաշտպանել ճշմարտությունը և հաղթել սուտը»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ում նկատմամբ երկու անգամ պաշտոնանկության գործընթաց է հայտարարվել: Բայց երկու դեպքում էլ ընթացակարգը հաջողությամբ չի ավարտվել Սենատում, որտեղ պետք է հավաքվեր սենատորների ընդհանուր թվի երկու երրորդը ՝ նրան մեղավոր ճանաչելու համար:










