Իրանում նշել են Ռուսաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների նպատակները

17:01 • 14.02.21

Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժություններն ուղղված են Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի փոխհրամանատար Հաբիբուլա Սայարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուսաստանի հզոր նավատորմի զորավարժությունների անցկացումը Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ հստակ ուղերձ է պարունակում»,- ասել է իրանցի զինվորականը` նշելով, որ իրանական նավատորմը գտնվում է խոշոր տերությունների նավատորմերի մակարդակին:

Զորավարժությունների հստակ ամսաթիվը իրանցի փոխհրամանատարը չի նշել:

Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր Հնդկական օվկիանոսում փետրվարի կեսին բազմակողմ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին: Դրանց ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլ ծրագրերի, համագործակցություն մշակել որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու և նավարկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: