Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից անկանոն կրակոցներ են արձակվել, այս պահին համեմատաբար հանգիստ է. գյուղապետ
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ երկու օր առաջ ադրբեջանական կողմից անկանոն կրակոցներ են արձակվել, այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցները դեպի վերև էին ուղղված եղել, գյուղում վնասներ չկան. Tert.am-ին տեղեկացրեց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը:
Գյուղապետի խոսքով՝ կրակոցներն արձակվում են խոշոր տրամաչափի զինատեսակներից, գյուղում կա 40 տուն: Հայկ Սահակյանը նաև նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ագարակ գյուղի ճանապարհը փակվել է, որն ամենակարճ, ասֆալտապատ ճանապարհն էր.
«Այդ ճանապարհը 12 կմ էր, 8 րոպեի ընթացքում հասնում էինք քաղաք, հիմա ուրիշ ճանապարհով ենք երթևեկում, մեր ճանապարհը 6 կմ-ով երկարել է, իսկ այս նոր ճանապարհը ծանր ճանապարհ է և ասֆալտապատված չէ: Համայնքապետը ճանապարհի փոսերը լցրել, հարթեցրել է, սակայն ասֆալտապատման հնարավորության մասին տեղեկություն չկա»:
Հայկ Սահակյանը նշեց, որ երկու օր առաջ ռուս սահմանապահներին տեղեկացրել են կրակոցների մասին, սահմանապահները եկել, գիշերն անցկացրել են դիրքերում և տեսել, որ կրակոցները մեր կողմից չի արձակվում:










