Իսրայելն ու Կիպրոսը համաձայնության են եկել զբոսաշրջային «կանաչ անձնագրերի» հարցում (տեսանյութ)

11:49 • 15.02.21

Իսրայելը և Կիպրոսը փոխհամաձայնություն են ձեռք բերել՝ միմյանց «կանաչ անձնագրերը» ճանաչելու վերաբերյալ, ինչը կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց հնարավորություն է տալիս ազատորեն ճանապարհորդել երկու երկրների միջև, հայտնում է Greek City Times-ը:

«Երկու երկրների միջև «կանաչ անձնագրերը» ճանաչելու վերաբերյալ համաձայնությունը թույլ կտա չվերթների վերականգնում Իսրայելի և Կիպրոսի միջև», - ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ Կիպրոսի իր գործընկեր Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից հետո:

Անաստասիադեսը նաև հաստատել է, որ 2021 թվականի ապրիլի 1-ից Իսրայելի այն քաղաքացիները, որոնք ստացել են ԵՄ-ի կողմից հաստատված կորոնավիրուսային պատվաստանյութ՝ Կիպրոս մեկնելու համար  PCR թեստ անելու կարիք չեն ունենա և ժամանելուն պես կարանտինում չեն մնա:

«Կիպրոսի համար, որը զբոսաշրջությունից կախված երկիր է, անսահմանափակ ազատ տեղաշարժի վերսկսումը մեծ նշանակություն ունի», - նշել է նա:

Կորոնավիրուսային համավարակից ի վեր Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսի 723 038 դեպքեր, որից 5368-ը` մահվան ելքով: Իսկ Կիպրոսում գրանցվել է 32 390 դեպք, որից մահացել են 220-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախորդ շաբաթ Իսրայելը նման համաձայնության էր եկել Հունաստանի հետ: Հայտնի է, որ «կանաչ անձնագրերը» տրվում են արտասահման մեկնելու ցանկություն ունեցող և հակակորոնավիրուսային պատվաստում ստացած անձանց: