Սիրիական բանակը Դամասկոսի շրջակայքում կասեցրել է ենթադրյալ իրանական թիրախների նկատմամբ «իսրայելական ագրեսիան»

11:45 • 15.02.21

Երկուշաբթի Սիրիայի բանակը տեղեկացրել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել մայրաքաղաք Դամասկոսի նկատմամբ «իսրայելական ագրեսիան», որը վերջին երկու ամիսների ընթացքում երկրի ներսում իրանական ենթադրյալ թիրախների ուժեղացված ռմբակոծությանն էր ուղղված: Պետական լրատվամիջոցները ռմբակոծությունների մասին մանրամասներ չեն հաղորդում, հայտնում է Al Jazeera-ն:

Իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Գոլանի բարձրունքների վրայով՝  մայրաքաղաքի սահմանին գտնվող նախանշված թիրախները խոցելու նպատակով:

Սիրիացի աղբյուրի փոխանցմամբ ռմբակոծությունների հետանքով պայթեցվել է Քիսուա քաղաքում գտնվող ռազմակայանը, որը գտնվում է մայրաքաղաքից 14 կմ հարավ, որտեղ տեղակայված են իրանական աջակցություն վայելող զինյալ խմբավորումները:

Իսրայելի զինված ուժերն անմիջապես չեն մեկնաբանել վերջին հարձակումը, սակայն բարձրաստիճան ռազմական պաշտոնյաները խոստովանել են, որ Սիրիայի ներսում հարձակումները սրվում են, որոնց նպատակը Սիրիայում Թեհրանի ռազմական ներկայությանը վերջ դնելն է:

Իսրայելի Պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Քոչավին անցյալ տարվա վերջին ասել էր, որ իսրայելական հրթիռային հարվածները «դանդաղեցրին Սիրիայում Իրանի արմատավորումը», 2020 թվականի ընթացքում խոցելով ավելի քան 500 թիրախ:

Իրանի վստահված աշխարհազորայինները, Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցության գլխավորությամբ, այժմ շրջում են Սիրիայի արևելյան, հարավային և հյուսիս-արևմտյան շրջաններում, ինչպես նաև Դամասկոսի շրջակայքում գտնվող մի շարք արվարձաններում: Նրանք վերահսկում են նաև լիբանան-սիրիական սահմանամերձ տարածքները: