Ղազախստանը գրանցել է սեփական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը

11:39 • 15.02.21

Ղազախստանում գրանցվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի տարբերակը, որն արտադրվել է ղազախասկան «Կարագանդա» դեղագործական համալիրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընկերության մամուլի ծառայությանը:

««Կարագանդա» դեղագործական համալիրն ավարտել է Ղազախստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ «Gam-COVID-Vac» («Սպուտնիկ V») պատվաստանյութի գրանցման կարգը», - ասվում է դեղագործական համալիրի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Զեկույցի համաձայն, գրանցման դոսյեի քննարկման արդյունքների հիման վրա, փետրվարի 13-ին Ղազախստանի Առողջապահության նախարարության փորձագիտական կազմակերպությունից ստացվել է եզրակացություն՝ պատվաստանյութի անվտանգության, որակի և արդյունավետության վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 1-ին Ղազախստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը՝ օգտագործելով ռուսական արտադրության «Սպուտնիկ V»  պատվաստանյութը: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը Ղազախստան է առաքվել միանգամյա ներմուծման թույլտվության հիման վրա:

Նախատեսվում է մինչև տարվա վերջ, «Կարագանդա» դեղագործական համալիրի արտադրության, 90 հազար չափաբաժին պատվաստանյութ բաժանել ողջ երկրի տարածքում:

Բացի այդ, այս տարվա 2-րդ եռամսյակից նախատեսվում է պատվաստումներին կցել Ղազախստանում արտադրված QazCovid-in դեղամիջոցը, որն այժմ գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում: Հունվարի վերջին Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Մարատ Շորանովը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը անվճար կլինի բոլորի համար, ռիսկային խմբում չհայտնված բնակչության համար, այն հասանելի կլինի ապրիլ-մայիս ամիսներին: