Ինչո՞ւ չկան մեր անուն-ազգանունները պատերազմի մասնակիցների ցանկում, և ո՞ւր են մեր մեր զինգրքույկները. պատերազմի մասնակից (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր ակցիա էին իրականացնում պատերազմին մասնակցած քաղաքացիները՝ պահանջելով իրենց զինգրքույկները՝ պատերազմին մասնակցելու նշումով։
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Հովհաննեսը նշեց, որ հոկտեմբերի 2-ին զինակոչվել է բանակ, ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս, սակայն զորամասը պայթեցված է եղել և իրեն տարել են Խոջալու.
«Գնացինք Խոջալու, մեզ ասեցին՝ ո՞վ է ձեզ ուղարկել, մեզ զորք պետք չէ, այնտեղից ուղարկեցին Ասկերան, հետո նորից Հայկազով, նորից Խոջալու, մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո ստացանք ֆորման և ուղարկեցին Բալուջա, որտեղ անմարդկային պայմաններ էին։ Երկու օր մնալուց հետո մեզ տեղափոխեցին Աստղաձորի դպրոց, տեղափոխման պատճառն այն էր, որ Բալուջայում ռմբակոծություն էր, տարհանում էին, գնացինք Աստղաձորի դպրոց, նորից քնեցինք «պոլերին», առավոտ տարան Մարտունի՝ 2-րդ գիծ, ասեցին՝ 40 հոգով քնեք, հնարավոր չէր այդ պայմաններում, և ջոկատը ցրվեց 5 մասի: Մի քանի օր 2-րդ գծում մնալուց հետո ասացին՝ պետք է գնանք առաջնագիծ։ Մեր ջոկատը կազմավորվեց, եղել ենք Մարտունու դիրքում և 20 օր մնալուց հետո փոխեցին մեզ, որ հանգստանանք։ Տարան երկրորդ գիծ, որտեղ ավելի շատ վտանգ կար, ռմբակոծում էին, դիմեցինք գումարտակի հրամանատարին, որ թույլ տա 7 օրով արձակուրդ գնալ, հանգստանանք, նորից հետ գնանք։ Մեզ անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝ գնացեք, ձեզանից լավերը կգան, մեզ պետք չեք, դրա վրա էլ «երես փակեցինք», մնացինք էլի, մի քանի օր հետո նորից տեղափոխեցին առաջին գիծ, հեռավորությունը հակառակորդի դիրքից եղել է 25 մետր»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ զինադադարից հետո՝ նոյեմբերի 12-ին, զանգել են հրամանատարին, տեղեկացնելով, որ ցանկանում են գնալ, պատասխանել են ստացել՝ սպասեք, ոչ մեկը չի պահում, ձեր կամքն է, ուզում եք՝ մնացեք, ուզում եք՝ գնացեք»։ Նոյեմբերի 12-ին 3 հոգով զենքերը հանձնել են, ստորագրել և հետ վերադարձել, նոյեմբերի 18-ին էլ մյուս կազմն է վերադարձել.
«Նոյեմբերի 13-ին գնացել ենք զինկոմիսարիատ, ներկայացել ենք, ասել են՝ լավ կլինի, սպասեք, դիմում ենք գրել նախարարություն, ասում են՝ ասեք զինկոմիսարիատին ու սպասեք, զինկոմիսարիատ դիմում ենք գրել, 15-20 օր հետո ասում են՝ անձնագրի պատճենը բերեք, որ կցենք ձեր դիմումներին, զանգում ենք Մարտունի 3, ասում են՝ ձեր անուն-ազգանունները չկան, Խոջալուում, Բալուջայում մեր անուն-ազգանունները չկան, հիմա մեր հարցն այն է, որ մեր խնդրին լուծում տան, թե ինչու չկան մեր անուն-ազգանունները, ո՞ւր են մեր զինգրքույկները»:
Հովհաննեսի փոխանցմամբ՝ Մարտունի 3 -ում իրենց անուն-ազգանունները մշտապես գրանցել են, սակայն, երբ այդ մասին նշում են, Մարտունի 3-ից տեղեկացնում են, որ իրենց անունները հայտնել են շտաբին:
Քիչ անց ակցիայի մասնակիցներից Կոտայքի մարզի բնակիչ Վահրամ Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՊՆ-ից ասել են՝ եթե տեղի զինկոմիսարիատը ձեր հարցերի պատասխանը չունի և չի կարողանում պարզաբանում տալ, դիմեք Կենտրոնական զինկոմիսարիատ: Ակցիայի մասնակիցները ուղևորվեցին դեպի Կենտրոնական զինկոմիսարիատ:










