ԵՄ-ում TikTok-ին մեղադրել են օգտատերերի իրավունքները խախտելու համար

17:08 • 16.02.21

Սպառողների եվրոպական կազմակերպությունը (BEUC) TikTok-ի դեմ բողոք է ներկայացրել Եվրոպական հանձնաժողով՝ հավելվածի սեփականատերերին մեղադրելով օգտատերերի իրավունքների խախտման համար, փոխանցում է ria.ru-ն։

«BEUC-ը և նրա անդամները հանդես են գալիս TikTok-ի քաղաքականության և գործողությունների համակողմանի հետաքննության օգտին, որպեսզի ապահովեն ԵՄ-ում սպառողների իրավունքների պահպանումը»,- ասված է այդ կազմակերպության մամուլի տեղեկագրում։

Կազմակերպությունում նշել են, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում TikTok-ը դարձել է ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը, առաջին հերթին, երեխաների շրջանում: Դրա հետ մեկտեղ «սոցցանցը պատշաճ մակարդակով չի ապահովում վտանգավոր բովանդակություններից անչափահասների պաշտպանությունը, մոլորության մեջ է գցում որոշ հարցերի շուրջ»։

Անցյալ տարվա հունիսին Տվյալների պաշտպանության եվրոպական կոմիտեն հայտարարել է TikTok-ը ստուգելու մտադրության մասին, որի համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

TikTok-ը հայտնի սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս կարճ երաժշտական տեսանյութեր ստեղծել և հաղորդագրություններ փոխանակել: Այն պատկանում է չինական ByteDance ընկերությանը։