«Ահաբեկիչ Էրդողանը». Թուրքիան թվիթերյան գրառման պատճառով հետաքննություն է սկսել հոլանդացի պատգամավորի նկատմամբ

15:10 • 16.02.21

Անկարայի գլխավոր դատախազությունը հոլանդացի պատգամավոր Գերթ Վիլդերսի՝ Twitter-ում արված գրառման պատճառով վերջինիս նկատմամբ հետաքննություն է սկսել, թուրքական Haberturk հեռուստաալիքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, նախօրեին պատգամավորը սոցցացում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ թուրքական դրոշի ֆոնին, իսկ նկարի մյուս հատվածում մորուքով և գլխաշորով Էրդողանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին է։

Պատգամավորը լուսանկարը վերնագրել է․ «Ահաբեկիչ»։

Թուրքիայի գլխավոր դատախազությունը կարծում է, որ հրապարակումը «վիրավորանք է պարունակում նախագահ Էրդողանի նկատմամբ»։

Վիլդերսը Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր է 1998 թվականից, 2006 թվականից ղեկավարում է «Ազատություն» կուսակցությունը։