«Պետք է խուսափել այն երևույթից, երբ հարուստ երկրները պատվաստում են իրենց բնակչությանը, իսկ աղքատ երկրները ստիպված են սպասել»․ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորընտիր ղեկավար
Առևտրի համաշխարհային կազմակերպության նորընտիր ղեկավար Նգոզի Օկոնջո Իուեալան BBC-ին ասել է, որ համավարակը լուծելու համար պետք է հաղթահարել պատվաստանյութերի հովանավորչությունը:
«Պետք է խուսափել այն երևույթից, երբ հարուստ երկրները պատվաստում են իրենց բնակչությանը, իսկ աղքատ երկրները ստիպված են սպասել», – ասել է նա:
Վերջին շաբաթների ընթացքում մի քանի երկրներ փորձել են կանխել պատվաստանյութերի արտահանումը: Սակայն մասնագիտությամբ բժիշկ Օկոնջո-Իուեալան կարծում է, որ պրոտեկցիոնիզմը կխոչընդոտի գլոբալ վերականգնմանը:
«Համավարակի բնույթն ու բազմաթիվ տարբերակների մուտացիան այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ, քանի դեռ ամեն երկիր միջոցներ չի ձեռնարկել իր բնակչությանը պատվաստելու համար», - ասել է նա:
Մինչև անցյալ տարվա ավարտը, դոկտոր Օկոնջո Իուեալան նախագահում էր պատվաստանյութերի գլոբալ դաշինքը, որի նպատակն է բարձրացնել պատվաստանյութերի հասանելիությունն ամբողջ աշխարհում, և այժմ նա ասում է, որ ԱՀԿ-ն վճռական աշխատանք ունի անելու այս ոլորտում: Չնայած համավարակը ԱՀԿ նոր առաջնորդի առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերն է, այն միակը չէ: Նգոզի Օկոնջո Իուեալան նոր է ստանձնել ԱՀԿ ղեկավարի պաշտոնը, լինելով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինն ու առաջին աֆրիկացին, և ցանկանում է այդ ոլորտում բարևփոխումներ իրականացնել։
«Եթե կորոնավիրուսի մարտահրավերները հնարավոր լինի լուծել, այդ փոքր քայլերը, վաղ հաղթանակներն ու հաջողությունները կարող են օգնել վստահություն ստեղծել և թույլ տալ ավելի մեծ բարեփոխումներ կատարել», - ասել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, Իսրայելը պաղեստինցիներին թույլ չի տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2000 չափաբաժին մատակարարել Գազա։










