Զելենսկին 10 օր ժամանակ է տվել Դոնբասում 3 ուկրաինացի զինվորականի մահվան մեղավորներին պարզելու համար

10:17 • 16.02.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  երեք վարկած է առաջ քաշել փետրվարի 14-ին Դոնբասում զոհված երեք զինվորականներ Ալեքսանդր Վոյտենկոյի, Վյաչեսլավ Ալեքսեենկոյի և Դմիտրի Միրոնենկոյի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին նախագահը գրել է իր տելեգրամյան ալիքում, հայտնում է Korrespondent–ը:

Փետրվարի 14-ին, ժամը 9:20-ի սահմաններում, երեք զինվորականները տեղափոխվել են առանձնակի վաշտ՝ ծառայության նպատակով: Ճանապարհին 5 TM-62 ականների պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն զինվորների կյանքը փրկել չի հաջողվել:

Զելենսկիի խոսքով, ինքը սպասում է այս ողբերգության պատասխանատուների անուններին ու խնդրի լուծման ուղիներին:

Նախագահը նաև առաջադրանք է տվել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությանը՝ պայթուցիկ իրեր մշակելիս անվտանգության միջոցներ պահպանելու դասընթացներ անցկացնել, անձնակազմը, զենքը և ռազմական տեխնիկան տեղափոխելիս պահպանել անվտանգությունը և մինչև ամսվա վերջ ստուգել ճանապարհներին առկա խոչընդոտները:

Նշվում է, որ Հետաքննությունների պետական բյուրոն սկսել է հետաքննել գործը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակին շտապ ժամանել Դոնբաս՝ պարզելու զինվորականների մահվան հանգամանքները: