Այն, ինչ անում եք, գրաքննություն է, որովհետև դուք որոշել եք, որ Կառավարությանն ուղղված մեր հարցերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ, որակապես վատն են․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)
Այդ պասիվությունը որևէ բան չի արդարացնում, որովհետև եթե կա պրոցես, մասնակցեք, եթե չեք մասնակցում, ես անարդար և անարդյունավետ եմ համարում մյուս ակտիվ մասնակիցների վարքագիծը, հարցրերը, մոտեցումները ենթարկել գրաքննության։ Այն, ինչ անում եք այսօր, իրականում գրաքննություն է, որովհետև դուք որոշել եք, որ մեր հարցերը որակապես վատն են։ Այս մասին կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու կառավարության և պարետատան քայլերի արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Նշենք, որ հանձնաժողովի կողմից կառավարությանն ուղղվել են 251 հարցեր, որոնք վերաբերում են առողջապահության ոլորտին, հակաճգնաժամային միջոցառումների համար ֆինանսական հատկացումներին, ծախսերի արդյունավետությանը և այլ հարցերի։
Նա նշեց, որ յուրաքանչյուր հարց կազմելիս պատգամավորները կատարել են խոր, վերլուծական աշխատանք։
«Տպավորություն է ստեղծվում, որ ինչ եկել է մեր գլուխը, որոշել ենք պարզապես հարցերի տեսքով ուղարկել կառավարությանը։ Դա այդպես չէ, մինչև այս հարցերը կազմելը՝ մենք օգտվել ենք նաև բաց աղբյուրներից, համադրել ենք դրանցում եղած տեղեկությունները, վերլուծել ենք, մշակել ենք, և դրանց արդյունքում կազմվել են այս հարցերը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հարցերի կազմմանը մասնակցել են նաև փորձագետներ, որոնք ևս հարցեր են ունեցել Կառավարությանը։
«Այս քննիչն հանձնաժողովն այն լավագույն խողովակն է, որով մարդիկ կարող են ուղարկել իրենց հարցերը։ Շահառու խմբերն ունեն հարցեր, և եթե մենք չենք ուղարկելու այդ հարցերը, ովքեր պետք է ուղարկեն»,-ասաց նա՝ նշելով, թե նախևառաջ պետք է ակտիվություն ցուցաբերել, հետո փորձ անել գնահատել մյուսների ակտիվությունը։
Դիտարկումներին էլ, թե կորոնավիրուսը չի ավարտվել, և հիմա արդյունավետ չէ քննել դրա դեմ պայքարը, Սամսոնյանն արձագանքեց՝ հասարակությունն արդեն սովորել է ապրել կորոնավիրուսի հետ և ընդունել այն որպես գոյություն ունեցող վիրուս։
«Երբ ինձ ասում են՝ սպասենք՝ կորոնավիրուսն ավարտվի, ես ասում եմ՝ դա սխալ է, որովհետև նշանակում է՝ սպասենք, օրինակ՝ գրիպի հարուցիչն աշխարհում վերանա, նոր ինչ-որ բան անենք։ Համավարակն արդեն մեր իրողությունն է, մենք ունենք թարմ տեղեկություն, պետք է շատ շտապ վերլուծել ու դրա արդյունքում ստանալ փաստաթուղթ։ Սպասելու դեպքում կորցնելու ենք մեր ժամանակը, մարդիկ հետաքրքրությունն են կորցնելու այդ հարցի նկատմամբ, և մենք չենք կարողանալու քննել»,-ասաց Անի Սամսոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










