Իսրայելը պաղեստինցիներին թույլ չի տվել ռուսական Sputnik V-ի 2000 դոզա մատակարարել Գազա

03:49 • 16.02.21

Երկուշաբթի Պաղեստինի ինքնավարությունը փորձել է օկուպացված Արևմտյան ափից Գազայի հատված հասցնել ռուսական հակակորոնավիրուսային Sputnik V պատվաստանյութի 2000 դեղաչափ, սակայն Իսրայելը Արևմտյան ափի հսկիչ-անցագրային կետում կանգնեցրել է մատակարարումը և «պաղեստինցիներին տեղեկացրել համապատասխան թույլտվության բացակայության մասին»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով Պաղեստինի ներկայացուցչին:

Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ 2000 դեղաչափի մատակարարման վերաբերյալ Պաղեստինի ինքնավարության հարցումը «դեռևս ուսումնասիրվում է», և որ «թույլտվություն դեռևս չի ստացվել»:

Նա նշել է, որ նման մատակարարման թույլտվություն կարող է տալ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, որը վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության մաս է կազմում: Նեթանյահուի գրասենյակն իր հերթին չի շտապել մեկնաբանություն տալ:

Պաղեստինի ինքնավարության պաշտոնատար անձանց խոսքով՝ իրենք մատակարարման հարցումն Իսրայելի պաշտպանական մարմիններին արել են Արևմտյան ափին ռուսական պատվաստանյութի 10 000 դեղաչափի առաջին խմբաքանակը ստանալուն պես՝ փետրվարի 4-ին:

Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլին հայտնել է, որ պատվաստանյութի խմբաքանակը, որը նախատեսված էր Գազայի հատվածում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող պաղեստինցի բժիշկների, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում աշխատող անձնակազմի համար, այժմ վերադարձվել է Ռամալլահ քաղաք, քանի որ այն պետք է պահվի ցածր ջերմաստիճանում: