Թուրքերը երբեք չեն ապրի «հույների լծի տակ». թուրք կիպրոսցիների առաջնորդ

05:46 • 16.02.21

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը երկուշաբթի հայտարարել է, որ կիպրոսցի թուրքերը երբեք չեն հրաժարավի իրենց ինքնիշխանությունից, քանի որ չեն պատրաստվում ապրել «հունական լծի» տակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Kibris թերթը:

Նշվում է, որ Թաթարի հռետորաբանության խստացումն ընդդեմ հուն-կիպրական կողմի տեղի է ունենում Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:

«Թուրքիայի կարգավիճակի պահպանումը որպես երաշխավոր երկիր, Կիպրոսում թուրքական զորքերի առկայությունը, մեր ինքնիշխանությունն ու քաղաքական հավասարությունը մեր կարմիր գծերն են, որոնք երբեք չենք կիսելու, որովհետև դրանցից հրաժարվելը նշանակում է լինել Հունաստանի լծի տակ», - ասել է Թաթարը:

Չճանաչված պետության ղեկավարը հասկացրել է, որ իր հայտարարության պատճառը ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյաննիսի ելույթն է, երբ վերջինս ասել էր, որ հուն-կիպրական կողմը չի կարող ընդունել ինքնիշխան հավասարության սկզբունքը, քանի որ դա վերջ կդնի Կիպրոսի Հանրապետության գոյությանը: