Այդ օրակարգ առաջ քաշողներն աներևույթ մարդիկ են, ոնց առաջացել են, այդպես էլ կվերանան, ոչ մի քամի մեր արժեքները չի կարող վնասել. Դավիթ Ամալյանը՝ մշակույթի վերաբերյալ իշխանության քաղաքականության մասին

20:35 • 17.02.21

Ապրելու լավագույն միջոցը մշակույթը վերականգնելն է: Այսօր մեր ժողովուրդը պարտավոր է ապրել, մենք մեր զոհված տղաներին կյանք ենք պարտք, իսկ այդ կյանքը միայն մշակույթի ձևով պետք է վերականգնվի:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը՝ խոսելով հետպատերազմյան շրջանում մշակութային և ազգային արժեքներին վերադառնալու կարևորության մասին:

-Պարո՛ն Ամալյան, կորոնավիրուսային համավարակի, ապա դրան հաջորդած պատերազմի հետևանքներն առ այսօր դեռևս ակներև են և իրենց զգացնել են տալիս բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային ոլորտում: Ստեղծված իրավիճակում, երբ ազգային արժեքները առավել քան կարևոր են, ինչպե՞ս կրկին կարող ենք վերադառնալ մշակութային կյանքին:

-Հասարակության մեջ այն թևը, որ սոցիալական միտինգի համար կարող է ճանապարհ փակել,  այդ խավն ի վերջո պետք է հասկանա, որ ավելի կարևոր բաներ կան: Մշակույթը մարդու միջի մարդն է առաջ բերում: Ինտելեկտը միջոց է այդ ճանապարհին, բայց առաջնայինը մշակույթն է: Ուստի, որքան արագ անցնենք մշակութային կյանքին, այնքան արագ կվերականգնվենք:

-Իշխանության վարած մշակութային քաղաքական օրակարգում վերջին շրջանում լեզուն, մշակույթը կարծես երկրորդվել են: Այդ առումով հստակ քայլեր արվեցին, որը հասարակությունը տեսավ: Ի՞նչ կլինի մեր հասարակության հետ, եթե այդ արժեքները մնան ստվերում: Այս առումով ի՞նչ ունեն անելու մշակույթի գործիչները:

-Ոչ մի քամի մեր արժեքներին չի կարողանա վնաս տալ: Ձեր նշած քաղաքական օրակարգն  առաջ քաշողներն աներևույթ մարդիկ են, իրենք քաղաքական ոչնչություններ են, որ ոնց առաջացել են, այդպես էլ վերանալու են: Նրանք, ովքեր  կորոշեն կամ փորձ կանեն վերացնել ազգային, մշակութային արժեքները, մի գեղեցիկ օր վերանալու են, իսկ արժեքները մնայուն են:

-Պատերազմի ժամանակ տեսանք, որ  հասարակությունը, առավել քան երբևէ սկսեց ավելի արժևորել հայկականը, ազգայինը, սակայն պատերազմից հետո այդ ալիքը կամաց-կամաց սկսեց մարել: Ինչո՞վ սա կարող եք բացատրել:

-Վերջին երկու-երեք տարում մեր միասնականության ամենակարևոր հնարավորությունները սոցիալական խնդիրներով վերացրել ենք: Այսինքն՝ որևէ անասուն ժողովրդին կարող է ասել՝ այսինչը թանկ է, և դրանով ժողովրդին լարի պետության դեմ, վերջում հեղաշրջում անի, ու պետությունը տանի գցի եսիմ ուր, մարդիկ, ովքեր կապ չունեն նրա հետ, այլ արժեքներով են ապրում: Ուղղակի պետք է կարողանանք ապրել արժեքներով, սկսած՝ ամենահասարակից՝ իրար բարևելուց, որովհետև մշակույթը միայն արվեստը, մասնագիտությունը չէ, այն ավելի լայն հասկացություն է:

Վերջում ժողովրդին, կներեք ժողովուրդ բառի համար, մարդկանց կխնդրեմ պինդ մնալ և չտարվել մեծամասնության կարծիքներով: