Հնդկաստանում ընտանիքը երիտասարդ աղջկան ողջ-ողջ այրել է մուսուլմանի հետ սիրային կապի պատճառով
Հնդկաստանում միջդավանական սիրային կապի պատճառով ընտանիքը ողջ-ողջ այրել է երիտասարդ աղջկան, Ուտար Պրադեշ նահանգի ոստիկանությանը հղումով գրում է outlookindia.com-ը։
Ռանջանա Յադավի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար ձերբակալվել են վերջինիս հայրը, եղբայրը, քրոջ ամուսինը և ևս մեկ բարեկամ։
Ոստիկանության տվյալներով՝ ընտանիքը վարձու մարդասպան Վարուն Տիվարիին ավելի քան 2000 դոլար է վճարել՝ մուսուլմանի հետ սիրային հարաբերություններ ունեցող աղջկան սպանելու համար։
Ոստիկանությունն ավելի ուշ հայտնաբերել է նրա կիսաայրված մարմինը։
Ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ զոհի հայրը ոստիկանությանը հայտնել է, որ իր դուստրը մուսուլմանի հետ սիրավեպ է ունեցել՝ հավելելով, որ երբ հրաժարվել է լքել նրան, որդու և փեսայի հետ մարդասպան են վարձել։
Նշվում է, որ մարդասպանն առևանգել է կնոջը, կապկպել, բենզին լցել վրան, հրկիզել և փախուստի դիմել։










