Սահմանազատման գործընթացը պետք է կանգ առներ, մինչև գերիներին չվերադարձնեին․ Վարդան Աթաբեկյան (տեսանյութ)

13:45 • 17.02.21

Ես կարծում եմ՝ Կառավարությունն այս պահին ամենից շատ պետք է շահագրգռված լինի գերիների վերադարձմամբ, և սահմանազատման գործընթացը պետք է կանգ առներ, քանի դեռ գերիներին չէին վերադարձրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Վարդան Աթաբեկյանը:

«Ես համարում եմ, որ քանի դեռ գերիներին չեն վերադարձրել, պետք է սահմանազատման գործընթացը կանգ առներ: Ինչն է պատճառը, որ Ադրբեջանը կետերը չի կատարում, բայց մենք մեր առաջ դրած բոլոր կետերը պարտաճանաչ կատարում ենք, դա անհասկանալի է: Ես չեմ կարծում, որ Կառավարությունն այս պահին չի ուզում գերիների հարցը լուծել և այդ բեռի տակից դուրս գալ: Ես համարում եմ, որ Կառավարությունը պետք է ամենից շատ ուզի, որ գերիները վերադառնան: Կառավարությունից ամենից շատ թիրախավորվում է գերիների հարցով, այ թե ինչո՞ւ չեն լուծում տալիս այդ հարցին, դա կհասկանանք հետո»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

Վարդան Աթաբեկյանը նշեց նաև, որ պատգամավորին տված մանդատը սահմանափակվում է պատգամավորին:

«Այն գործիքակազմը, որ քեզ տրված է մանդատով, դու դրանից ավել ոչինչ չես կարող անել: Պատգամավորը չի կարող որոշ գործընթացներին խորությամբ մասնակցել, բայց դու ունես լծակ և կարող ես ամբիոնից դատապարտել և հանրության համար լսելի դարձնել խնդիրները, դու պարտավոր ես այդ գործիքակազմն օգտագործել»,- ասաց նա:

Վարդան Աթաբեկյանը նաև նշեց, որ չնայած լքել է խմբակցությունը չի փոշմանում իշխանափոխության համար:

«Երբեք չեմ կարող փոշմանել իշխանափոխության համար, քանի որ այդ ժամանակ կրում էինք այլ գաղափարներ և ձգտում էինք անել հեղափոխություն և նոր ձևով կառուցենք և մեր գաղափարները կյանքի կոչենք։ Իսկ, թե որ կետից իշխանությունը շեղվեց իր ճանապարհից, ընթացքը ցույց կտա: Մենք ունեինք մի քանի գաղափարներ՝ կոռուպցիան պետք է վերացվեր, նախկին բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեին, և երկու տարի շարունակ դա ուշացվեց այ, թե ինչու ուշացվեց, ժամանակը ցույց կտա: Նախկինները պետք է պատասխան տան, մեղավորները միշտ պետք է պատասխան տան ու ինչքան հնարավոր է շուտ»,- ասաց պատգամավորը:

Վարդան Աթաբեկյանը նաև մեկնաբանեց, իր՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալը: «Երբ, դու թիմի անդամ ես, ամեն կատարված իրողություն չէ, որ կարող է պատճառ դառնալ թիմից դուրս գալու համար, իմ թիմում պայքարելու արդյունքում ես բազմիցս քարկոծվել եմ, բայց պետք է ներսում էլ տարվի պայքար, որպեսզի գաղափարներդ կյանքի կոչվեն, և եթե որոշ մարդիկ շեղվել են ուղղուց, պետք է փորձես ետ բերել, բայց այն գործողությունները, որ կատարվել են, նույնիսկ, երբ պահանջվում էր մանդատս վայր դնել, նույնիսկ այդ պարագայում ես համարել եմ՝ պետք է պայքարեմ, բայց այն, ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, վերջ դրեց իմ պայքարին»,- մեկնաբանեց Վարդան Աթաբեկյանը:

Հիշեցնենք՝  նոյեմբերի 16-ին Վարդան Աթաբեկյանը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից: