Ովքե՞ր առաջինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ․ առողջապահության նախարարը հրաման է ստորագրել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։
Հրամանի համաձայն․
1. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:
2. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.
1) Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
2) Բուժաշխատողներ,
3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
4) 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:
3. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.
1) Դասախոսներ, ուսուցիչներ,
2) Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ,
3) Զինծառայողներ,
4) Արդարադատության ոլորտի աշխատակիցներ,
5) Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,
6) Պետական ծառայողներ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նշված խմբերի համար կորոնավիրուսի հիվանդության դեմ պատվաստումը պարտադիր չէ, այլ կամավոր սկզբունքով է իրականացվում, այն կիրականացվի պետպատվերի շրջանակում:
Հարցին, թե այն քաղաքացիները, որոնք ներառված չեն այս խմբերում, կարո՞ղ են պատվաստվել պետպատվերի շրջանակում, Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ պետությունը ամեն ինչ անում է, որ քաղաքացների համար կարողանա պատվաստանյութն ապահովել, սակայն ոչ պետպատվերի շրջանակներում, որովհետև պետպատվերի շրջանակներում խոցելի խմբերը կարող են պատվաստանյութ ստանալ.
«Դեռ քննարկվում է, թե որքան կկարողանանք ապահովել, և երբ կարող ենք ապահովել , գործընթացը ինչպես կընթանա և ինչ միջոցներով պատվաստանյութը քաղաքացիների համար հասանելի կդառնա, բայց ամեն ինչ արվում է, որ կարողանանք օգտվել պատվաստանյութից: Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որ սկզբից մտավ այդ գործընթացի մեջ, բանակցեց և հարթակում դարձավ նաև անդամ երկիր, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիների համար ստեղծել պատվաստանյութի ձեռք բերման իրավունք, շատ երկրներ այդ իրավունքից զրկված են»:
Հարցին, թե ե՞րբ կիրականացվի պատվաստումները նշված խմբերի համար, մամուլի քարտուղարը հստակ ժամանակ չնշեց, միայն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ արագ և կարճ ժամկետներում կարողանան ապահովել պատվաստանյութով:










