ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի մոտակայքում հրթիռային հարված հասցնելը
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հատվածում հրթիռային հարված հասցնելը, հաղորդում է ТАСС-ը:
«Մեր կառավարությունները համատեղ ջանքերով կաջակցեն Իրաքի իշխանություններին դեպքի հետաքննություն իրականացնելու համար, որպեսզի պարզվեն մեղավորները: Մենք միասնական ենք այն հարցում, որ չենք հանդուրժի ԱՄՆ-ի և կոալիցիայի զինծառայողների և վերջինների տեղակայման վայրերի նկատմամբ հարձակումները»,- նշված է համատեղ հայտարարությունում:
Փետրվարի 15-ի երեկոյան Իրաքյան Քուրդիստանում գտնվող Էրբիլի օդանավակայանը, որտեղ իր հերթին ամերիկյան ռազմաբազան է տեղակայված, հրթիռակոծման էր ենթարկվել, որի հետևանքով քաղաքացիական մեկ անձ է զոհվել, ամերիկացի մեկ զինծառայող ու մի քանի մասնագետ՝ վիրավորվել:










