Վստահ եմ՝ ՍԴ-ի դեմ սկսված հակասահմանադրական, հակաօրինական արշավը մասն էր կազմում այն հրեշավոր ծրագրի, որին աշնանը ականատես եղանք. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

14:16 • 17.02.21

 

ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը վերաբերում էր պատերազմի ժամանակաշրջանում իշխանությունների կողմից թույլ տրված կոպիտ սխալներին. Սխալներ, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ չափազանց կարևոր էին Սերժ Սարգսյանի դիտարկումները, քանի որ նա վերջին տասը տարիներին ղեկավարել է երկիրը, զինված ուժերը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է ուժային կարևորագույն պաշտոններ Ազգային անվտանգության մարմիններում, ներքին գործերի, պաշտպանության նախարարությունում.

«Սերժ Սարգսյանի գնահատականը ոչ միայն քաղաքական, այլ նաև պրոֆեսիոնալ իմաստով տրվող գնահատական էր, մարդ, որն Արցախյան պատերազմի մասնակիցներից և հրամանատարներից մեկն է և ամբողջական տեղեկություն ունի առաջնագծի դիրքերի, զինված ուժերի կառուցվածքի, հրամանատարների անձնական հատկանիշների կարողությունների մասին, և այդ ամփոփումը ցույց տվեց, թե ինչ կոպտագույն սխալներ են թույլ տրվել, որոնք ցավալիորեն վճռորոշ նշանակություն են ունեցել»:

Դիտարկմանը, թե կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց անցել է երեքուկես ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանին բացի ուժային որոշ կառույցերի կողմից նրան ցուցաբերվող ֆիզիկական պաշտպանության հանգամանքներից, հասարակության մեջ գոյություն չունի երկրորդ գործոն, որ Նիկոլ Փաշինյանին կարող է իշխանությունը պահել, դա ինքը հասկանում է. «Նա հասկանում է իր կայացված որոշումների և դրա հետևանքների նշանակությունը, որովհետև ինքը այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, որովհետև նրանք այդ փաստաթուղթը ստորագրեցին հեռուստատեսության էկրանների առջև և ակնհայտ էր, որ նա նախապես խնդրել էր, որ ստորագրի և գնա, պատսպարվի, կողմերը նրան ընդառաջ էին գնացել»:

Հարցին՝ երբ իշխանությունը կենտրոնանում էր Սահմանադրական դատարանի վրա, տեսակետներ էին հնչում, որ ապագայում կարող է Արցախի վերաբերյալ հարցեր առաջ գան, Դուք կապ տեսնո՞ւմ եք, Էդգար Ղազարյանը պատասխանեց.  «Այդ կապը ուղղակի և անմիջական է, ակնհայտ է մի բան, որ ՍԴ նախկին կազմի պարագայում, որտեղ պաշտոնավարում էին բացառապես պրոֆեսիոնալ դատավորներ, որևէ քաղաքական, առավել ևս՝ ազգակործան բովանդակութուն ունեցող փաստաթուղթ չէր կարող հավանության արժանանալ, առավել ևս, երբ դրա բովանդակությունը պետք է հակասեր ՀՀ Սահմանադրությանը, ինչպես հիմա կա»:

Ղազարյանը նշեց, որ երեք ղեկավարների միջև կնքված փաստաթուղթը հայտարարություն է և իրավական ակտերի տրամաբանությամբ՝ նման փաստաթուղթ գոյություն չունի, ընդամենը պետությունների ղեկավարների հայտարարություն է:

«Ոչ ոք չէր կարող մտածել, որ Արցախյան խնդրի հանգուցալուծումը կարտահայտվի ամենապարզ, իրավական ակտի կարգավիճակ չունեցող մի փաստաթղթով և եթե դա պետք է լինի միջազգային համաձայնագիր, ինչը ենթադրվում է, ապա պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ միջազգային պայմանագրերը՝ ըստ երկրի Սահմանադրության, և ԱԺ-ում վավերացնելու համար Սահմանադրական դատարանը պետք է դրա դրույթների և ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ դրական եղրակացություն տա: Ես վստահ եմ, որ ՍԴ-ի դեմ սկսված արշավը, այդ ամբողջ հակասահմանադրական, հակաօրինական արշավը, որն իրականացվեց մեր երկրի կարևորագույն ինստիտուցիոնալ կառուցներից մեկի նկատմամբ, մասն էր կազմում այն հրեշավոր ծրագրի, որին, ցավոք, աշնանը մենք ականատես եղանք»,- ասա Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: