ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Հս. Կովկասում ահաբեկչությունների իրականացումը. ձերբակալվել է 19 ծայրահեղական

13:27 • 17.02.21

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային իսլամիստական կազմակերպության 19 անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասում:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, ԱԴԾ աշխատակիցները ծայրահեղական նյութերի ավելի քան 40 օրինակ են առգրավել, ինչպես նաև ՌՊԿ տիպի գնդացիր, ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, ինքնաշեն պայթուցիկներ և մահապարտի գոտի պարունակող գաղտնարան են հայտնաբերել:

«Փետրվարին Կարաչաևո-Չերկեսյան Հանրապետությունում, Ղրիմի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում 19 ծայրահեղականներ են ձերբակալվել, որոնք գաղափարախոսական քարոզչություն անելուց և իրենց շարքերը նոր կողմնակիցներով համալրելուց բացի դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին ծրագրում իրականացնել Հյուսիսային Կովկասում՝ «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» կազմակերպության անունից»,- ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկության ժամանակ առգրավվել են ծայրահեղական բովանդակությամբ նյութեր, իսկ գաղտնարանը հայտնաբերել են Կարաչևո-Չերկեսյան Հանրապետության լեռնային տարածքում:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար: Նրանցից 10-ին կալանքի տակ են առել: Մյուս 9-ի դեմ խափանման միջոցի մասին ԱԴԾ-ն ոչինչ չի հաղորդել: