ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային ծրագիր ստեղծել

21:13 • 17.02.21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համաշխարհային ծրագիր`պատվաստանյութերի ավելի արդար բաշխման համար պետությունների միջև, G20-ի անդամների կողմից ստեղծված աշխատանքային խումբը կարող է մշակել այդ ծրագիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Միայն 10 երկիր է օգտագործել COVID-19 պատվաստանյութերի 75%-ը: Մինչդեռ ավելի քան 130 երկիր չի ստացել անգամ 1 դեղաչափ»,-ասել է Գուտերեշը:

Նա երկրներին կոչ է արել այնպես անել, որ բոլորը, ամենուր, հնարավորինս շուտ պատվաստվեն:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով` պատվաստումների հարցում առաջընթացը «չափազանց անհավասար է և անարդար»:

Նա նաև նշել է, որ զինված բախումներից տուժած մարդիկ «հատկապես կարող են մնալ ռիսկային գոտում»:

Նա հիշեցրել է, որ պատվաստանյութերի արդարացի բաշխման համար արդեն գործում է COVAX մեխանիզմը, այդ թվում`միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների շրջանում:

«COVAX-ը լիարժեք ֆինանսավորում է պահանջում: Բայց մենք պետք է ավելին անենք: Աշխարհին շտապ անհրաժեշտ է պատվաստումների ծրագիր, որպեսզի միավորվեն բոլոր ուժերը, որոնք ունեն անհրաժեշտ իշխանություն, գիտական փորձ, արտադրություն և ֆինանսական հնարավորություններ», -ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:

Գլխավոր քարտուղարի խոսքերով ՝ աշխատանքային խումբը կկարողանա ներգրավել դեղագործական ընկերություններին և հիմնական դերակատարներին այս ոլորտում: