Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից տրամադրվող աջակցությունը լիարժեք բավարար է, որպեսզի լուծվեն պատերազմի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

13:54 • 18.02.21

Կառավարության որոշման համապատասխան՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվեցին սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում, կստանան աջակցություն կոմունալների, գույքահարկի փոխհատուցման տեսքով: Որոշ համայնքների հետ կապված՝ կան դժգոհություններ։ Խնձորեսկը, Քարահունջը, նաև Վարդենիսի տարածաշրջանում մի քանի համայնքի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Հարցին, թե կասկածներ կար, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են, դրա համար Կառավարությունը չի ցանկանում գումար ներդնել, Առաքելյանը նշեց՝ նման բան չկա, կան որոշակի չափանիշներ, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ՝ բնակելի տներից, սակայն նշված համայնքների սահմանամերձ լինելու փաստը հողատարածքներից է հաշվարկվում, հետևաբար այդ տները ևս կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում:

Առաքելյանը նշեց, որ այս պահին կա 39 սահմանամերձ լրացուցիչ համայնք, մոտավորապես 5-6 համայնք, հնարավոր է ներառվեն առաջիկայում, այս պահին ունենք 77 սահմանամերձ համայնք: Բյուջեի վրա ավելացումը մինչև 200 միլիոն է, իսկ գործող համայնքների տարեկան ծախսը մինչև 1 միլիարդ է:

Դիտարկմանը, թե Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության ունենալու պարագայում վիրավոր զինծառայողները ստանում են աջակցություն «1000 դրամների» հիմնադրամից, սակայն կա անհրաժեշտություն, որ վիրավորվելու պատճառական կապը հաստատվի, այսինքն, որ շահառուն վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում, և այդ պրոցեսի պարզեցման գործընթացը ներկայացվել  է: Այս պահին մոտ 400 քաղաքացու փորձաքննություն իրականացվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ, բայց գործընթացի պարզեցման շնորհիվ հնարավորություն կստանան հիմնադրամից աջակցություն ստանալ ավելի արագ տեմպերով:

Հարցին, թե Դուք ասել էիք, որ Արցախում ոչ մի սոցիալական խնդիր չկա, Առաքելյանը պատասխանեց. «Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար են, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են: Արցախցի միջին ընտանիքի մոտավորապես պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ, միևնույն ժամանակ Արցախում ամբողջովին փոխհատուցում են կոմունալ վճարները, առաջիկայում վարկերի փոխհատուցման որոշակի ծրագիր կիրականացվի, այն աջակցության չափը, որ տրամադրվում է, կարծում ենք, որ սոցիալական խնդիրները լուծված են»:

Նրա խոսքով՝ այս պահին հաստատված միջոցառումների ընդհանուր բյուջեն կազմում է մոտավորապես 55 միլիարդ, որից 21,5 միլիարդն արդեն հատկացվել է, այսօրվա հաստատված միջոցառումը ենթադրում է մինչև 30 միլիարդի ֆինանսավորում, ընդհանուր 55 միլիարդի շրջանակում:

Նախարարը նշեց, որ այս պահին Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ վերադարձել են մոտ 100 հազարից ավել բնակիչ, 30 հազարից մի փոքր ավել մարդ  գտնվում է Հայաստանում, նրանք ունեն կացարաններ։ Տեղահանված բնակչության մի քանի հազարը ժամանակավորապես  բնակվում է Հայաստանում:

Լրագրողի ճշտող հարցին՝ եթե արցախցիներին հարցնենք՝ դուք սոցիալական և հումանիտար խնդիր ունեք, իրենք միանշանակ կասեն՝ ոչ, պատասխանեց. «Եթե պատրաստվում եք հարցում անել Արցախում, վստահեցնում եմ՝ ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են»: