Բելառուսի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը մի խումբ իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ իրականացված խուզարկությունների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունը որակել է՝ որպես բացահայտ ճնշում ու երկրի ներքին գործերին միջամտելու փորձ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դիվանագետները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին երեքշաբթի Բելառուսում իրավապաշտպանների, լրագրողների և արհմիությունների ցուցարարների նկատմամբ կատարված խուզարկությունները՝ դրանք անվանելով անընդունելի:
Դիվանագետների կարծիքով, «Բելառուսի իշխանությունները շարունակում են ուժեղացնել հետապնդումները երկրի քաղաքացիական հասարակության նկատմամբ և դա պետք է դադարեցվի»: Նրանք շեշտել են, որ կշարունակեն համակարգել Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրենց նախաձեռնած միջոցառումները:
Ըստ մամուլի խոսնակի, դիվանագիտության տեսանկյունից, մի շարք արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների համատեղ հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես «միանգամայն ծիծաղելի արարք»: Գլազն ասել է, որ դիվանագետների նման քայլերը «ցույց են տալիս, որ նրանք չեն գնահատում Բելառուսի ինքնիշխանությունը»:
Գլազը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, ներառյալ ԵՄ անդամ երկրները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան, պարտավոր են զերծ մնալ պետության ներքին գործունեությանը վերաբերվող հարցերից։ Ավելին, յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել մյուս պետությունների ինքնիշխանությունը՝ հարգելով սեփական տարածքում իշխանության երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի գործունեությունը՝ առանց միջամտության։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Բելառուսում խուզարկության են ենթարկվել ավելի քան 90 ցուցարարներ, ինչը քննադատվել է Արևմուտքի կողմից։ Երկրում իրավիճակը սրվել է 2020 թվականի օգոստոսի 9–ին կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակոից հետո։










