«Իրանի միջուկային համաձայնագիրը հնարավոր չէ փոխել»․ Ռոհանին` Մերկելին

12:27 • 18.02.21

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված փաստաթուղթ է, որը Իրանի ու աշխարհի վեց պետությունների երկար տարիների ջանքերի արդյունք է և այն ունի որոշակի շրջանակ, որն անփոփոխ է: Այս մասին հայտնում է Tehran Times–ը։

Ռոհանին նաև նշել է, որ եթե Եվրոպան իսկապես ձգտում է պահպանել համաձայնագիրը և իրականացնել իր նպատակները, ապա դա պետք է գործնականում ապացուցի և հավելել է. « Համաձայնագրի պաշտպանության միակ միջոցը ԱՄՆ–ի սահմանած անմարդկային պատժամիջոցների չեղարկումն է»:

Մերկելն, իր հերթին, հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել համաձայնագիրը և կոչ է արել միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծել: Նա նաև կոչ է արել ամրապնդել համագործակցությունն Իրանի և Գերմանիայի, ինչպես նաև բոլոր երկրների միջև՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կայունացնելու համար:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին նշել է․«2015 թվականի միջուկային համաձայնագիրն արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է մեր երկրի շահերին» և հավելել, որ Իրանն այլևս չի բանակցելու համաձայնագրի շուրջ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն առաջարկել է համաձայնագրում ներառել Իրանի հրթիռային ծրագիրը, իսկ Ֆրանսիան առաջարկել է միջուկային գործարքի հնարավոր բանակցություններում ներառել տարածաշրջանային երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և նույնիսկ Իսրայելը:

Իրանը, սակայն, պնդում է, որ միջուկային գործարքը չի քննարկվելու: