Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային շրջանում ՄԱԿ–ի հումանիտար առաքելության աշխատակից է զոհվել

12:14 • 18.02.21

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի տարածաշրջանային հումանիտար համակարգող Մարկ Քաթսը դատապարտել է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Ալ-Բաբ քաղաքում, պայթյունի հետևանքով բուժաշխատողի զոհվելը, հայտնում է Ahval–ը:

ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային առողջապահական նախագծում ներգրավված աշխատակիցը սպանվել է Ալ-Բաբի շուկայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Թուրքիան վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսային շրջաններում 2019 թվականից ի վեր՝ նպատակ ունենալով թիրախավորել քրդական ուժերին, որոնք, ըստ թուրքական կառավարության, սպառնալիք են իր պետության ազգային անվտանգությանը։ Այս ընթացքում Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է մարդասիրական ոլորտի առնվազն 14 աշխատակից։

Քաթսը տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ է արել անել ավելին՝ պատերազմական իրավիճակում, միջազգային օրենսդրությանը համապատասխան, քաղաքացիական անձանց պաշտպանությունն ապահովելու համար:

«Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ մարդու իրավունքների պայմանագրով սահմանված պարտավորություններին` հակամարտության տարածքներում գտնվող բոլոր անձանց նկատմամբ», - ասված է ՄԱԿ–ի զեկույցում: