Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ էր Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալը․ Արման Աբովյան (տեսանյութ)

15:46 • 18.02.21

Ոչ մի խոսակցություն չի եղել Գևորգ Պետրոսյանի սուր ելույթների թեմայով, Գագիկ Ծառուկյանի հետ ևս ոչ մի տարաձայնություն չի եղել, ոչ մի վեճ չի եղել: Կարող եմ ասել, որ խմբակցության ներսում  մեծ, փոխադարձ հարգանք ունենք բոլորս: Այս մասին ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանի դուրս գալուն:

«Գևորգ Պետրոսյանն արդեն պարազաբումը տվել է խմբակցությունից դուրս գալու: Ես բան չունեմ ասելու, եթե պարոն Պետրոսյանը համարում է, որ նա ավելի բաց և ազատ կարող է արտահայտվել՝ լինելով խմբակցությունից դուրս, ապա դա իր որոշումն է: Երբեք քննադատությունների առումով խոսակցություններ չեն եղել: Միշտ էլ նա անկաշկանդ իր կարծիքն արտահայտել է և ոչ մի խնդիր չի եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ՝ խմբակցությունից դուրս գալը Գագիկ Ծառուկյանն է հորդորել, Արման Աբովյանը նշեց, որ որևէ հորդոր չի եղել: «Բոլորիս համար անակնկալ էր, Գագիկ Ծառուկյանի համար ևս անակնկալ էր Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալը: Դա պարոն Պետրոսյանի անձնական որոշումն է և նա տվել է իր բացատրությունը»:

Արման Աբովյանը զավեշտալի համարեց այն պտտվող լուրերը, թե խմբակցությունից կարող են նաև դուրս գալ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ հնարավոր է, որ այս խոսակցությունները հատուկ են դաշտ մտցվել:

Մանրամասները՝ տեսանյութում։