Դանիան և Շվեդիան նույնպես հաստատել են «կորոնաանձնագրերի» տրամադրումը
«Կորոնաանձնագրերի» վերաբերյալ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գաղափարը դուր է եկել մի շարք երկրների, այդ թվում` Դանիային և Շվեդիային, հայտնում է Greek City Times–ը։
Դանիան հայտարարել է «կորոնաանձնագրեր» տրամադրելու մասին, որոնք սեփականատերերին թույլ կտան աշխատանքային գործուղումների մեկնել և մասնակցել տարբեր իրադարձությունների: Պատվաստումների ապացույցը տրամադրվում է Դանիայի առողջապահական համակարգի կայքի միջոցով կամ անհատի բջջային հեռախոսով:
Շվեդիան նույնպես հայտարարել է «պատվաստման թվային հավաստագրի» տրամադրման մասին և երեք պետական մարմինների հանձնարարել է զարգացնել անձնական տվյալների մշակման համար համապատասխան ենթակառուցվածքները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոխարիսը հաստատել է, որ Հունաստանում կկիրառվեն «կորոնաանձնագրեր», որոնց վրա նշված կլինի կրողի անունը, պատվաստանյութը ստանալու ամսաթիվը և դրա ժամկետի ավարտը։
Թեոխարիսը նաև շեշտել էր, որ Հունաստանն այս տարի բաց կլինի բոլոր այցելուների համար, որոնք երկիր են մտնում կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման վկայականով:










