Պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու են ռիսկային խմբում ընդգրկված մարդիկ, երեխաները դեռևս չկան այդ ցանկում, պատվաստումը լինելու է կամավոր սկզբունքով. առողջության նախարար (տեսանյութ)
Պետպատվերի շրջանակում կպատվաստվեն ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները: Այդ ցանկը հաստատվել է նախարարի կողմից: Նրանք 65 տարին լրացած քաղաքացիներն են, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, փակ հաստատություններում գտնվող շահառուները և այլն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ այս պահին երեխաները պատվաստման ծրագրում նշված չեն: Խոսելով պատվաստանյութի վնասակարության մասին՝ Ավանեսյանը նշեց. «Բոլոր պատվաստանյութերը մշակումից հետո անցնում են հետազոտության 3 փուլ: Առաջին փուլը փոքրաթիվ անձանց նկատմամբ կիրառություններն են։ Այդպես քանի գնում, անձանց խումբը մեծանում է: Բոլոր պատվաստանյութերի տվյալները, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ արդյունքները փաստաթղթավորվում են: Հայաստան ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան 3-րդ փուլի ամփոփած տվյալները, և դրանք կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Հարցին, թե արդյոք կան արդեն պատվաստված քաղաքացիներ, Ավանեսյանը նշեց, որ փոքր թվով պատվաստումներ արդեն արվել են: Առաջիկայում կստանան պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ, մարտ ամսից կսկսեն լայնածավալ պատվաստումները:
Լրագրողների հարցին, թե կոնկրետ որ տեսակի պատվաստանյութն է կիրառվելու Հայաստանում, Ավանեսյանը պատասխանեց. «Կան մի քանի պատվաստանյութեր, որոնք հաստատվել են ԱՀԿ-ի կողմից: Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «Աստրազենեկային», «Ֆայզերին» և «Սպուտնիկին»:
Անդրադառնալով օդանավակայանում երկրից դուրս գալու և մուտք գործելու ժամանակ կրկնակի թեստ հանձնելու վերաբերյալ դժգոհություններին՝ Ավանեսյանը նշեց, որ նորմալ կյանքին վերադառնալու, մեկուսացումից դուրս գալու և սահմանները բացելու դեպքում վարակի տարածումը կանխելու հիմնական մեթոդը ՊՇՌ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս վարակի տարածվածությունը իջեցնել և թույլ տալ մարդկանց ճամփորդել: Այո, դա ֆինանսական բեռ է, բայց դա է հիմնական ճանապարհը:
Լրագրողի հարցադրմանը, թե հերթի ժամանակ վարակվելու ռիսկը մեծանում է, նախարարը նշեց, որ Հայաստանում դիմակներ դնելը պարտադիր է և ցանկալի է, որ փակ տարածքներում պահպանվեն հակահամաճարակային կանոնները:
Թե որքան կարժենան պատվաստանյութերը, Ավանեսյանը հրաժարվեց պատասխանելուց:
Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության ենթարկված քանի զինծառայողի մարմին կա, Ավանեսյանը նշեց. «Այս պահին կոնկրետ թիվ չեմ հնչեցնի, մենք պահպանում ենք 7-օրյա ժամկետում 30-33 հոգու նույնականացումը և շուտով կավարտենք գործընթացը:
Նախարարը հրաժարվեց պատասխանելուց նաև այն հարցին, թե պետությունը որքան է վճարելու «Սպուտնիկ» պատվաստանյութի ձեռքբերման համար:
Մանրամասները՝ տեսանյութում:










