Պետք չէ պարզել զեկուցել, պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ արված է ամեն ինչ. Նիկոլ Փաշինյանը՝ Ներքին Կարմիրաղբյուրում չիրագործված ծրագրի մասին (տեսանյութ)
Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով Շուռնուխի բնակելի տների կառուցման, անասնագոմերի կառուցման հարցը լուծում են, և Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ աշխատանքային խումբ են ստեղծել, որը ղեկավարում է իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
Վերջինս ասաց, որ արդեն երրորդ գերատեսչական խմբի նիստն են անցկացնելու Սյունիքի մարզում: «Սյունիքի մարզում, այս պահի դրությամբ բնականաբար բնակչության հուզող հարցը անվտանգության ապահովման հարցն է»,-ասաց նա և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ քննարկում են Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման հետ կապված խնդիրը և Գորիս-Սիսիան ճանապարհի խնդիրը ձմռանը:
«Շուռնուխ բնակավայրում իրենց տները կորցրած ընտանիքների համար նոր թաղամաս է կառուցվում, միևնույն ժամանակ նրանք պետության կողմից աջակցություն կստանան մինչ բնակարանների կառուցումը: Հիմնական խնդիրը գյուղատնտեսության, անասնապահության հետ է կապված, քանի որ մարդիկ այդ աշխատանքները նախկինում իրականացնում էին ավելի լայն տարածությունների վրա, որի հնարավորությունը չունեն այսօր, հատկապես մեծ խնդիր է առաջանում Որոտանի տարածքում»,-ասաց նա և նշեց, որ այս ուղղությամբ շուտով վերջնական լուծումներ կներկայացնեն:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ասաց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն, ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծեց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այսօր ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի մարզի հայրենակիցները կզգան, որ կառավարությունը կանգնած է իրենց կողքին: «Քանի որ մենք նախորդ տարի Տավուշի մարզում ենք իրականացնել նման ծրագիր, ուզում եմ իմանալ, թե ինչ ընթացք ունեցավ այն»,-ասաց նա և հետաքրքրվեց, թե Այգեպարում և Չինարիում աշխատանքներն ինչ վիճակում են և ստացավ պատասխան, որ ավարտական փուլում են:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ավելացրեց, որ առաջին փորձն է Այգեպարում արվել, և երկաթբետոնե, բոլոր նորմերին համապատասխանող ապաստարանն արդեն ավարտական փուլում է: «Ներքին Կարմիրաղբյուրում խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ կապված և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել այնտեղ: Սեփականատերերի հետ կապված խնդիրներ են, դատական պրոցեսներն են»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ի վերջո լուծվելո՞ւ է այդ հարցը, թե ոչ, այսքան ժամանակ ինչու չի լուծվել: Արմեն Ղուլարյանը նշեց, որ դա իրենց դաշտում չէ, մարզը և համայնքը պետք է լուծեին այդ հարցը:
«Բայց գնացել, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, պարզվում է՝ մինչև հիմա արված չէ»,-ասաց նա, իսկ Ղուլարյանը նշեց, որ քանդման աշխատանքները սկսել են, բայց ձևակերպումը ձգվում է:
Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե ինչն է պատճառը, իսկ նախարարն ասաց, որ այս պահին չի կարող ասել, բայց հետամուտ կլինեն, կճշտեն, կզեկուցեն՝ ում դաշտում է:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպես չի լինի: «Պետք չէ պարզել, զեկուցել, պետք է գնալ և լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,-ասաց նա, իսկ Պապիկյանը նշեց, որ եթե իրենց անելիքն է, կանեն և կզեկուցեն:










