Գերիների վերադարձի հարցին ո՛չ լրատվամիջոցներն են խանգարում, ո՛չ ընդդիմությունը, այլ բանակցային սխալ հաշվարկները, որոնք իրականացնում է վարչապետը. Անի Սամսոնյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր, որպեսզի ԱԺ-ում քննարկում լինի ռազմագերիների հայրենադարձման մասով և մեր դիրքորոշումը արտահայտենք, սակայն իշխանությունը որոշեց, որ այն փակ պետք է լինի՝ ցուցաբերելով որոշակի վախեր այս հարցը բարձրաձայնելու վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը որևէ վախենալու բան չունի և պարտավոր է պահանջել իր ռազմագերիներին և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությամբ պարտավոր է վերադարձնել մեր ռազմագերիներին, այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծում ստանա. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը բարձրացրել է, այն հարցը, որ ռազմագերիների թիվը պետք է հրապարակել. «Ինչ -որ տարբեր թվեր են հնչում, օրինակ ՄԻԵԴ դիմում են 220 և ավել գործով, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք այդքան գերի ունենք: Տարբեր սոցիալական հարթակներում, որ իրավապաշտպաններ զբաղվում են, երբեմն հրապարակում են ցուցակներ, որոնք մարդկանց մոտ կարող են սխալ ենթադրությունների առիթ տալ, այսինքն՝ այսօր չկա պատկերացում, գաղափար, թե քանի՞ կյանք է մեզ պարտավոր Ադրբեջանը, իսկ դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանին դա լրացուցիչ պարտավորություն և պատասխանատվություն է ապահովվել այդ մարդանց կյանքը»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ քննարկումները ռազմագերիների վերադարձի մասին, դժվարեցնում են հետվերադարձի պրոցեսը, Սամսոնյանն ընդգծեց. «Գերիների վերադարձի հարցին, ո՛չ լրատվամիջոցներն են խանգարում, ո՛չ ընդդիմությունը, խանգարում են սխալ բանակցային հաշվարկները, որոնք իրականացնում է ՀՀ վարչապետը: Մենք բազմիցս կրկնել ենք, որ որևէ թուղթ ստորագրելուց, նախևառաջ, Ադրբեջանը պարտավոր է իր պարտավորությունը կատարել, պահանջեք մեր գերիներին, նոր ստորագրեք»:
Դիտարկմանը, որ անհետ կորած զինծառայողների ծնողները չգիտեն իրենց երեխաները զոհվել են, թե գերի են ընկել, իսկ Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ավելի հիասթափված են լինում,արդյո՞ք բավարար ժամանակ չի անցել հստակեցնելու համար նրանց ճակատագիրը, Սամսոնյանը նշեց։
«Արցախի Կառավարությունը մի հաղորդագրություն հղեց, որ բազմաթիվ զոհվածներ թաղվել են ադրբեջանցիների կողմից և դա խանգարում է որոնողական աշխատանքներին, այսինքն, եթե կարողանում են գտնել այն մարդկանց, որ պատերազմի ընթացքում զոհվածների մարմիններ են թաղել, և ստեղծել են եղբայրական գերեզմաններ, որոնողները փորձում են գտնել այդ գերեզմանները, ստացվում է՝ եթե ոչ, ապա կանգնում ենք այն խնդրի առաջ, որ անհետ կորածների մասին տեղեկատվություն չենք ունենում: Ծանոթ մարդիկ ասում են, որ զոհվածին վաղուց հանձնել են հողին, բայց նրա անունը չի հրապարակվել, միգուցե հիմա են հրապարակվում: Մինչև այսօր չեն հրապարակել քանի՞ զոհ ունենք, և քանի դեռ այդ թիվը չկա, անուններ են հրապարակելու ու տպավորություն է ստեղծվելու, որ նոր անուններ են, բայց այդ մարդիկ կարող է վաղուց հողին են հանձնվել, այսինքն՝ Կառավարությունն այստեղ կանոնակարգված աշխատանքի խնդիր ունի, որը չի լուծում»:
Դիտարկմանը, թե ծնողները բարկացել էին Արսեն Թորոսյանի այն հայտարարության վերաբերյալ, որ պետք է գոհ լինեք, որ հինգ գերիներին վերադարձրել ենք, Սամսոնյանը պատասխանեց.
«Համավարակի նկատմամբ Թորոսյանի ցինիզմը ինչ-որ տեղ կարելի է տանելի համարել, բայց այնպիսի հարցի նկատմամբ՝ ինչպիսին են ռազմագերիները և անհետ կորածները, նման արտահայտություն անելը … ի՞նչ է, լավությո՞ւն են անում, մարդիկ երեխա են մեծացրել տվել են պետությանը, և պետությունը պարտավոր էր ողջ-առողջ վերադարձնել, եթե պատերազմ է եղել, չի նշանակում, որ պետական պաշտոնյան, որը ներկայացնում է կառավարությունը, պետք է նման արտահայտություն անի: Կարծում եմ, որ Կառավարությունը այս թեմայի հետ պետք է շատ զգույշ վարվել և օրինակ՝ այնպիսի պաշտոնյաներ կարող են նման արտահայտություններ անել, միգուցե պետք չէ, որ նման պաշտոնյաներն ընդունեն այդ ծնողներին, խելքը գլխին մեկը չկա՞, որ եթե հարցի պատասխանը չունի, գոնե իր արտահայտություններով չկպնի այդ մարդկանց նուրբ լարերին»:










