«Ամեն ինչ կանեմ, որպեսզի բելառուսները տարբերվեն ռուսներից». Լուկաշենկոն խոստացել է Բելառուսում խրախուսել «լավ ազգայնականության» տարածումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է երկրում խրախուսել «լավ ազգայնականության» տարածումը, փոխանցում է ria.ru-ն։
Լուկաշենկոն այսօր Մինսկում այցելել է Յանկի Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ շփվել է արտիստների հետ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ «ազգայնականությունը թույլ կտա պահպանել բելառուսների ավանդույթները»։
«Ես միշտ ձգտում եմ, որ մենք պահպանենք մեր որոշ ավանդույթները։ Դուք (թատրոնի արտիստները) մեր ժողովրդի խորհրդանիշն եք: Այնպես որ, միշտ պետք է ստեղծեք մի բան, որով կտարբերվեք մյուսներից։ Եվ դա ինձ համար լավ ազգայնականության օրինակ կլինի, ինչի համար ինձ երբեմն քննադատում և մեղադրում են Ռուսաստանում։ Բայց ես ասում եմ՝ ես Բելառուսի նախագահն եմ։ Չնայած ռուսների հանդեպ իմ տածած սիրուն՝ ես Բելառուսի նախագահն եմ։ Այնպես որ, ես ամեն ինչ կանեմ բելառուսների համար, ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք տարբերվեն մյուսներից, այդ թվում՝ ռուսներից»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Բելառուսի ժողովրդի հարստությունը, ի թիվս այլ բաների, կայանում է երկու լեզուների՝ ռուսերենի և բելառուսերենի իմացության մեջ, և «այդ ժառանգությունից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել»:










