Խնդիր է ԿԳՄՍ նախարարության շատ կասկածելի դրվածքը՝ ժամանակակից գրողների հրատարակելու հարցում․ գրողների միության նախագահ

23:52 • 19.02.21

Շատ կարևոր է, որ հայ հասարակությունը ծանոթ լինի մեր ժամանակակից գրողներին։ Այս մասին այսօր՝ գիրք նվիրելու օրը Tert.am-ի հետ զրույցում ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

«Դժվար է հիմա ասել՝ երիտասարդությունն ինչ է կարդում, սակայն մեր ամբողջ ուշքն ու միտքը կարծես ուղղված է, թե դրսից մեզ ինչ կթելադրեն, ինչ կարդանք։ Թարգմանվում է մի միջին կարգի գրողի գիրք՝ ճչան վերնագրով, և մի քանիսն ասում են՝ լավ գիրք է, սոցցանցերում տարածվում է, բայց քո երկրի ստեղծագործողի գիրքը, որ տարբեր երկրներում հրատարակում են, տեղում չենք ուզում կարդալ։ Մենք թերարժեքության կոմպլեքսը մեր մեջից պետք է վերացնենք, դրսի գրականության հանդեպ ունենք անվերապահ հավատ, իսկ ներսի գրականության հանդեպ՝  թերարժեքություն, որը եղել է բոլոր ժամանակներում»,–ասաց նա։

Ըստ գրողների միության նախագահի՝ պետք է դպրոցում ուսուցիչները երեխաներին ուղորդեն, որպեսզի կարդան ժամանակակից գրականություն։ «Ուսուցիչը ինքը պետք է ծանոթ լինի, որպեսզի աշակերտներին ուղղորդի դեպի լավ գրականություն։ Շատ ուսուցիչներ քիչ են ծանոթ, չեն կարդում։ Բացի այդ խնդիր է նաև մշակույթի նախարարության շատ կասկածելի դրվածքը՝ ժամանակակից գրողների հրատարակելու հարցում, կարելի է ասել՝ չի հրատրարակում։ Հատուկենտ ժամանակակից գրող է հրատարակվում՝ այն էլ դրամաշնորհային ծրագրերով։ Թե ինչ հանձնաժողովներ են՝ Աստված գիտի, թե որտեղից են հայտնվել, ով է նրանց ընտրել, ինչու է ընտրել, այսպիսի  վիճակում է հայ ժամանակակից գրողը։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքականությունն է բացակայում»,–ասաց նա և հարց բարձրացրեց, թե  ծրագրերը քննարկող հանձնաժողովներն ի՞նչ սկզբունքներով են ընտրվել, և արդյոք հանձնաժողովի անդամը գրականության համար ինչ–որ բան արել է։

«Ժամանակակից գրողի վիճակը գնալով վատանում է, որովհետև լիազոր մարմինը պետք է հստակ քաղաքականություն հրապարակի, դրամաշնորհները լինեն թափանցիկ»,–ասաց նա և նշեց, որ այս վիճակը շարունակվում է վերջին հինգ տարին։

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված քաղաքապետարանի հետ աշխատանք են տարել, որ դպրոցներում միջոցառումներ իրականացվի՝ ուղղված  գիրք նվիրելուն, գրքի նկատմամբ սեր արթնացնելուն։ Նա նկատեց, որ աշխարհում, երբ եղավ էլեկտրոնային գրքի բումը, թվում էր, թե թղթային գիրքն արդեն դուրս կմղվի, սակայն վերջին տվյալներն ապացուցում են հակառակը, որ էլեկտրոնային գրքերի ընթերցողների թիվը քիչ-քիչ պակասում են, և թղթային գիրքն ունի իր դերը։