Pfizer պատվաստանյութը կփորձարկվի հղիների վրա
Pfizer-ը և BioNTech-ը սկսել են հետազոտել նոր կորոնավիրուսի դեմ իրենց արտադրած պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը՝ 18 տարեկանից բարձր հղի կանանց շրջանում, հայտնում է Gazeta.ru–ն՝ հղում տալով BioNTech ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը:
Հետազոտության առաջին մասնակիցներն արդեն պատվաստվել են: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրություններին պետք է մասնակցեն 18 տարեկան և բարձր տարիքի չորս հազար հղի կանայք, պատվաստումն իրականացվում է հղիության 24-ից 34–րդ շաբաթների ընթացքում:
Հետազոտությանը մասնակցող յուրաքանչյուր կին 7-10 ամիս հսկողության տակ է լինելու: Բացի այդ, թեստի մասնակիցներից ծնված երեխաները նույնպես հսկողության տակ են լինելու՝ մինչև վեց ամսական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 110 միլիոնը:










